‘Նախարարը ասուլիսը կազմակերպել էր դուստրերին պատկանող կլուբում. «Հրապարակ»’

1896

Երեկ լրատվամիջոցներին իր ստեղծագործական մտքի թռիչքով զվարճացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հանգիստ կարելի է պնդել, որ հայ թատրոնը լուրջ կորուստ է ունեցել՝ ի դեմս նախարարի: Վերջինս իր հարյուր օրվա սցենարը բեմադրեց իր սեփականություն հանդիսացող՝ «Լեո 52» կոչվող կլուբում: Շենքն իր սեփականությունն է, այնտեղ տեղակայված ակումբը՝ դուստրերի բիզնեսը: Այն, որ կառավարության անդամն իր սեփական բիզնեսը գովազդելու նկրտումներով էր հրավիրել ասուլիսը, ակնհայտ էր: Նա այս գործին է լծվել վաղուց: Կլուբի բացումը գրեթե համընկնում է իր նշանակվելու շրջանի հետ, և նա, նախարարներին ու բարձրաստիճաններին  հրավիրելով  այնտեղ, նկարները համացանցում տարածելով՝  գովազդում էր այն: Վերադառնալով ասուլիսին, նշենք, որ ժամը 12-ին ասուլիսի համար նախատեսված փոքրիկ սրահ շարքով մտան արդարադատության փոխնախարարներն ու վերահսկողության վարչության պատասխանատուն, մեջտեղում նստեց մամուլի քարտուղարը: Նրանց գլխավերևում մի մոնիտոր էր տեղադրված, որով ցուցադրում էին Հովհաննես Մանուկյանի ֆոտոսեսիան՝ մեկ հունիսի 1-ի փուչիկների ֆոնին,  բայց հիմնականում՝ Հովիկ Աբրահամյանի: Ընդ որում, Աբրահամյանի  հետ նկարները ցուցադրվում էին ավելի հաճախ և տարբեր ռակուրսներից: Կարճ ասած, նախարարի ներկայությունն ապահովված էր մոնիտորի միջոցով: Մեր զարմանքին ի պատասխան, թե ուր է նախարարը, մամուլի քարտուղարը ծիծաղելով ասաց. «Սըփրայզը՝ հետո»: Մինչ «սըփրայզը», ոլորտի ներկայացուցիչները, ամեն մեկն իր մասով, սկսեցին ընթերցել երեք ամսվա ընթացքում գրած զեկույցը: Միապաղաղ ու ձանձրալի զեկույցը 20 րոպե անց ընդհատվեց, և ձեռք ու ոտքով հասկացվեց, որ սպասված պահը մոտ է: Իրարանցում սկսվեց դռան մոտ, պարզվեց՝ տեղ էին ազատում «սըփրայզի» համար՝ ներս մտավ Հովհաննես Մանուկյանը: Եկավ ու նստեց գրեթե դռան հետևը՝ լրագրողների  համար նախատեսված  սեղանի  վերջում: Հանեց դավթարը, բացեց ու, ինչպես դասատու` գրիչի հետ խաղալով, սկսեց հետևել անվերջ թվացող զեկույցին: «Սըփրայզի» սպասումները չէին մարում, թվում էր, թե ուր որ է՝ մի շոու է ցույց տալու, ոչ ոք չէր ուզում հավատալ, որ խոստացված սյուրպրիզը միայն նախարարի 20 րոպե ուշ ներկայանալն էր: Երբ նախարարն սկսեց ձանձրանալ, իր թևի ժամացույցը մատնացույց անելով՝ հասկացրեց ժամանակի սղության մասին: Ովքեր նկատել էին այդ պահը, սպասումն ավելի ուժգնացավ, և վայրկյաններ անց պարզվեց. «սըփրայզի» իմաստն այն է, որ Հովհաննես Մանուկյանը դասատուի նման նստելու է սեղանի վերջում ու հարցաքննելու է տեղակալներին: Նա պահանջեց տեղակալներին ներկայացնել այս երեք ամսվա ամենակարևոր ձեռքբերումները: Տեղակալները, տարրական դասարանի աշակերտների նման հուզված, միմյանցից խոսք փախցնելով՝ ամեն մեկն իր ոլորտի մասով զեկույցից հատվածներ կրկնեցին: Այս շոուից տարակուսանքն այնքան մեծ էր, որ լրագրողներն անընդհատ նոր ցնդաբանության էին սպասում: Փորձեցինք ընդհատել նախարարի ու ենթակաների հարցուպատասխանը՝ ոլորտի գլխավոր պատասխանատուին հարց ուղղելով, սակայն  նա  տեղեկացրեց, որ  ինքն առանձին է ասուլիս տալու, և այս պահին հարցերը պիտի ուղղենք ոլորտի պատասխանատուներին: Ինչպես հասկացանք, Հովհաննես Մանուկյանն արդարադատության ոլորտում անելիք չունի, հանդես է գալիս որպես կազմակերպիչ և հետևում է իր կոլեկտիվի ընթացքին, ոչ ավելին: Նրա հետ զրույցում պարզվեց, որ կրեատիվի ողջ էֆեկտը սեփական կլուբում ասուլիս հրավիրելն էր ու 20 րոպե ուշ ներս մտնելը: Մեր զրույցը Հովհաննես Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր հարյուր օրվա աշխատանքն ամփոփել ոչ թե այդ գերատեսչությունում, այլ Ձեզ պատկանող տարածքում:

— Ես ընդհանրապես կողմնակից եմ երբեմն-երբեմն ստանդարտ իրավիճակներից շեղվելուն և կարծում եմ, որ եթե դա կրեատիվ իրավիճակ ա ու արվում ա առանց պարտադրանքի ու առանց անհարմարություններ պատճառելու զրուցակցին՝ կլինի դա լրագրող թե գործընկեր, ես նորմալ եմ համարում: Ես ընդհանրապես խիստ ստանդարտների ու քառակուսի բաների մեջ աշխատանքը չեմ պատկերացնում:

Դուք կարող եք ստանդարտներից շեղվել Ձեր անձնական կյանքում, բայց Դուք արդարադատության նախարարն եք, որքանո՞վ է ճիշտ Ձեր պաշտոնավարմանը վերաբերող ասուլիսը կազմակերպել Ձեր դուստրերին պատկանող կլուբում:

— Էդ որտե՞ղ ա գրված, որտե՞ղ ա գրված, որ նախարարությունում պիտի լինի, որտե՞ղ: Իսկ ես կարդացել եմ, որ տենց բան չկա, ու որ քաղաքական գործիչը կարող է բացօթյա էլ տա, ու մյուս անգամ խոստանում եմ բացօթյա տալ:

Ես որևէ տեղ չեմ կարդացել, բայց  պաշտոնը ենթադրում է, որ Ձեր ասելիքը պիտի լինի Ձեր ղեկավարած գերատեսչությունում, համենայնդեպս՝ ոչ սեփական կլուբում: Այսինքն, կարող է լինել նաև Ձեր տա՞նը:

— Մեծ հաճույքով հաջորդը տանը կանեմ, ես շատ լավ բակ ունեմ, ընդ որում՝ խոստանում եմ վերջում խորոված էլ սարքել, բարբիքյու՝ էսպես ասեմ, որ ժամանակակից լինի:

Իսկ գուցե Ձեզ պատկանող կլուբը գովազդելո՞ւ նպատակով էիք այստեղ հրավիրել:

— Քլաբն ինձ չի պատկանում, ես տարածքի սեփականատերն եմ:

Ձեր դուստրերին է պատկանում:

— Դե հիմա ի՞նչ կարևոր ա դա, ասենք՝ դուստրերին ա պատկանում, հետո՞: Ես եթե գովազդելու նպատակ ունեի, մի լավ կհյուրասիրեի Ձեզ:

Փորձել եք կրեատիվ լինել, բայց ընդամենը կրկնել եք Ձեր նախորդին, ով փաբում էր իր տարեվերջյան ասուլիսը հրավիրել:

— Չեմ ընդօրինակել, ո՞վ ասեց, որ կրեատիվ լինելը հեծանիվ հորինելն ա, բացարձակ չեմ կրկնել…

Ոլորտի ամենախոցելի խնդիրներից է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը,  հատկապես ծանրաբեռնվածությունը: Այս 3 ամսվա ընթացքում Ձեզ ի՞նչ է հաջողվել խնդրի շտկման ուղղությամբ անել:

— Հրաշալի, փայլուն է հաջողվում: Այս երեք ամսվա ընթացքում այնքան խնդիր է լուծվել, ինչքան….

Օրինակ:

— Օրինակ՝ խոշտանգումների կոմիտեի հետ մենք մի քանի մակարդակ ավելի բարձրացրել ենք մեր հարաբերությունները և լուրջ առաջընթաց ենք արձանագրել: Ցմահների հետ կապված օրենսդրական բլոկն իմ տեղակալը ներկայացրեց, որը շուտով կհայտնվի Ազգային ժողովում: Կարգապահությունն ամենօրյա ամրացնելու խնդիր ենք լուծում և դատապարտյալների կենցաղային առօրյա պայմանները շտկելու խնդիրներ ենք լուծելու: Եվ էս տեմպով շարունակելով՝ մենք էական բարեփոխումներ կունենանք մեկուկես տարի հետո քրեակատարողական հիմնարկներում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան քաղաքում շունը քաղաքապետ է ընտրվել (տեսանյութ)’