‘
Երևանում այսօր կայացավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստը, որի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: Նիստից առաջ, ինչպես փոխանցում է tert.am-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հույս հայտնեց, թե նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին ՀՀ-ն և ԵՄ-ն կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, որի անունն առայժմ հրաժարվեց ասել:
«Այո՛, մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու է ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, փաստաթղթի անունը դեռ չեմ կարող ասել, որովհետև մենք քննարկումների փուլում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ փաստաթղթի մեջ լինելու են բոլոր հարցերը, ներառյալ տնտեսական համագործակցությունը:
‘