‘Նախարարը չկարողացավ պատասխանել` գործազրկության նպաստից զրկվող մարդկանց ո՞ր մասն է աղքատ’

838

2014 թվականի պետբյուջեի ծախսային մասի 29,5 տոկոսն ուղղված է սոցիալական ծրագրերի իրականացմանը, ԱԺ-ում բյուջեի քննաքրկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ընդ որում, նրա խոսքով, անցյալ տարվա բյուջեի համեմատ՝ սոցիալական ոլորտին հատկացվող գումարն ավելացել է 57 միլիարդ դրամով: Հավելյալ գումարը հիմնականում կուղղվի աշխատավարձերի, կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստների ավելացմանը: (Հիշեցնենք, որ աշխատավարձի ամենազգալի բարձրացումները կատարվելու են հիմնականում պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում):

Այդ թվում, նրա խոսքով՝ շուրջ 15 տոկոսով կավելացվի կենսաթոշակի նվազագույն շեմը: Սոցապ նախարարը տեղեկացրեց, որ կենսաթոշակի բարձրացման շնորհիվ 32 հազար կենսաթոշակառուներ կհաղթահարեն աղքատության շեմը: Անդրադառնալով օրենսդրական փոփոխության հետեւանքով գործազրկության նպաստների կրճատման խնդրին՝ Ասատրյանը նշեց, որ կրճատված 18 հազարական դրամ ուղղակի նպաստի փոխարեն՝ գործազուրկների համար այլ ծրագրեր կիրականացվեն, մասնավորապես, կփոխհատուցվեն գործատուներին այցելության ծախսերը, ինչպես նաեւ` կկազմակերպվի երիտասարդ կադրերի պրակտիկան:

Նախարարը, սակայն չկարողացավ հստակ պատասխան տալ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին` գործազրկության նպաստից զրկվող մարդկանց ո՞ր մասն է աղքատ: Ասատրյանը չկարողացավ հաստատել նաեւ, որ ըստ կառավարության սահմանած ցուցանիշի՝ մինչեւ 2017-ը հնարավոր կլինի հասնել 2008-ի համաշխարհային ճգնաժամից առաջ գոյություն ունեցող 26 տոկոսանոց աղքատության ցուցանիշին: Նրա խոսքով՝ աղքատության կրճատման ամենահեշտ ճանապարհը տնտեսության աճն է: «Յուրաքանչյուր 1% տնտեսական աճը բերում է աղքատության նվազման 0,6%-ով», — տեղեկացրեց նախարարը:

Փոխարենը Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, թե հաջորդ հունվարից նախատեսված` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու համար բոլոր տեխնիկական պայմաններն առկա են: Կառավարությունն անգամ միջազգային փորձագետներ է հրավիրել` ծրագրի ներդրման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Քննիչը թաքցնում է ապացույցները’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 3-ին` հազվադեպ երկնային երևույթ’