‘Նախարարը պատվոգրեր ու մեդալներ է բաժանում բանակում չծառայածներին’

1169

Հունվարի վերջին, երբ սահմանում իրավիճակը լարված էր, Երևանում պաշտպանության նախարարը նվերներ ու մեդալներ էր բաժանում բանակում չծառայած տղաներին: Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարը պարգևատրեց մի շարք պետական գերատեսչությունների մամուլի խոսնակների ու լրագրողների:

Ընդհանրապես, պարգևատրումները նպատակ ունեն խրախուսելու և գնահատելու որոշակի աշխատանքը, սակայն մամուլի խոսնակներին հանձնաված՝  պաշտպանության նախարարի պարգևատրումներն անհասկանալի են, թե ինչ խնդիր են լուծում: Հատկապես, երբ այդ խոսնակները չեն ծառայել բանակում:

Պատվոգրով պարգևատրվել է գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակը, որը ոչ մի անգամ չի առանձնացել բանակի մասին գիտելիքներով և գրառումներով: Իսկ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (պարգևատրվածներից միայն վերջինս է ծառայել): Առանց մեդալի չեն մնացել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ վարչապետի մամլո խոսնակները: Նշենք, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն ծառայել բանակում:  Պաշտպանության նախարարի կողմից ժամացույց է ստացել նաև մեկ այլ չծառայած, ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը:

Հարց՝ ի՞նչ խնդիրներ են լուծվում պետական գերատեսչությունների խոսնակներին մեդալներ շռայլելով, երբ ռազմական գերատեսչությունը տեղեկատվական պայքարում անհուսորեն պարտվում է, թե երկրի ներսում, թե դրսում: Երկրի ներսում հանրության մի մեծ զանգված շատ բացասական է տրամադրված բանակին, որն արտահայտվում է տարբեր դեպքերի առթիվ համացանցում բանակի թեմայով բացասական բովանդակությամբ քննարկումներով, ինչպես նաև հակաբանակային տեղեկատվության ակտիվ տարածումով: Արտաքին ճակատում նույնպես տեղեկատվական դաշտի վիճակը լավ չէ. պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ժամանակ առ ժամանակ իր ֆեյսբուքի էջում հայտարարություններ է գրում ու խնդրում է չտարածել ադրբեջանական ապատեղեկատվությունը, իսկ նման ոճով աշխատելը ոչ պրոֆեսիոնալիզմի ու ոլորտի կրիտիկական վիճակի լավագույն ապացույցն է:

Չնայած տրամաբանական է` նման մարդկանց պարգևներ ստանալը տեղեկատվական դաշտի ճգնաժամի լավագույն ցուցիչն  է:

Արտեմ Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Հարություն» առած Աքրամ Այսլին ադրբեջանական ԶԼՄ-ներին դատի կտա’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ Արմեն Էլբակյանին. «Բարձր եմ գնահատում Ձեր ամպհովանու տաղանդը»’