‘Նախարարը պնդում է՝ հնարավոր է տնտեսական աճ՝ զանգվածային արտագաղթի պայմաններում’

1279

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:

Լևոն Զուրաբյանը նախ հիշեցրեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, որտեղ իրավիճակը պետգնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է գնահատվում և նշվում, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարությունը ինչպես է գնահատում պետգնումների արդյունավետությունը. «Ինչքա՞ն միջոց է մսխվում, Վերահսկիչ պալատն ինչ-որ գնահատական տվե՞լ է, իսկ դուք կարո՞ղ եք ասել՝ կես միլիարդից ինչքա՞նն է արդյունավետ ծախսվում»:

Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ կառավարությունը համաձայն է ՎՊ-ի դիտարկումների հետ և մի շարք փոփոխություններ արդեն իսկ նախաձեռնել է: Նա տեղեկացրեց, որ կառավարությունն ունի վերահսկողական ծառայություն, և ամեն տարի քննարկվում է տվյալ ծառայության հաշվետվությունը:

Արձագանքելով նախարարին՝ Լևոն Զուրաբյանն ասաց.

«Ցանկանում եմ հասկանալ, թե ինչպես են համատեղվում ձեր գնահատականները վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք վերջին հինգ  տարվա տնտեսական աճի, միևնույն ժամանակ՝ երկրից արտագաղթած 250 հազար մարդկանց թվի հետ, այսինքն՝ ինչպես է համակերպվում հոյակապ բարգավաճումը արտագաղթի հետ»:

Սրան ի պատասխան՝ նախարարը շեշտեց, որ նման բան հնարավոր է: Ըստ նախարարի՝ 1995,  1996, 1997 թվականներին մենք նույնպես ունեցել ենք բավականին պատկառելի տնտեսական աճ և, միևնույն ժամանակ՝ արտագաղթի մեծ տեմպեր:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Երևան-Բաքու չվերթի մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. Հանդիպումների պատմությունից. Տեսանյութ’