‘Նախարարը պնդում է, որ դեղերը չեն թանկանա, դեղարտադրողների միությունը ապացուցում է հակառակը’

1021

Իրականացրած հաշվարկները ցույց են տալիս, որ դրոշմավորումը չի հանգեցնի դեղորայքի գների էական աճին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով նոյեմբերի մեկից դեղերի դրոշմավորման հարցին:

Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր դեղի համար թանկացումը կլինի 2-5 դրամով:  Դրոշմապիտակի գինը հանվում է ավելացված արժեքի հարկից, այսպիսով տնտեսվարողները դրոշմապիտակի համար չեն վճարելու:

Նախարարի խոսքով՝ դրոշմավորումը հնարավորություն կտա նաև ապահովել դեղորայքի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության  նախագահ Սամվել Զաքարյանի տեխնիկապես հնարավոր չէ դրոշմապիտակավորումը ավտոմատացնել, քանի որ դրանց փաթեթները միանման չեն եւ դա հնարավոր է անել բացառապես ձեռքով: Ըստ ԴԱՆ նախագահի, օրենքի այս նոր պահանջը կատարելու համար միայն առաջին հինգ ներկրողները ստիպված պետք է լինեն մոտ 3 հազար քմ տարածք ձեռք բերել եւ 300 նոր աշխատող ընդունել: Դրոշմապիտակ փակցնելու համար պահանջվող աշխատուժը հսկայական ծախսային հոդված է ավելացնելու ընկերությունների համար: Այս ծախսերը, այսպես թե այնպես, ներառվելու են դեղերի գների մեջ, ինչը հանգեցնելու է դրանց էական թանկացմանը:

Բայց եթե նույնիսկ հարցի ֆինանսական կողմը հաշվի չառնենք, դրա տեխնիկական կողմը անլուծելի է թվում: Շատ դեղեր վաճառվում են ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատիկ-հատիկ: Օրինակ՝ «Դիաբետոն N 60» դեղի տուփը պարունակում է 60 հատ հաբ: Իսկ գնորդները հիմնականում գնում են դա հատով: Եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացի մի քանի հատ ու վաճառի, ապա դա արդեն վերը նշված օրենքի խախտում է եւ պատասխանատվություն է ենթադրում: Խնդիրն այն է, որ ըստ օրենքի, օտարվող դեղամիջոցը պարտադիր պետք է դրոշմապիտակավորված լինի:

Եւս մի տեխնիկական հարց, որը անլուծելի է: Դրոշմապիտակավորման համար դեղամիջոցների փաթեթները պետք է ձեռքով հատիկ-հատիկ բացվեն, այնուհետեւ վերափաթեթավորվեն: Իսկ դա, ըստ ԴԱՆ նախագահի, հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած պահանջների, եւ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը:

Նախորդ հոդվածը‘ Մինչև տարեվերջ կփակվի՞ Նաիրիտի աշխատավարձների պարտքը’
Հաջորդ հոդվածը‘Ռումենիգե. «Գվարդիոլան հանճար է»’