‘Նախարար. Գեներալ Հայկազի $150 հազարանոց Porsche-ն ռուսաստանցի բարերարներն են նվիրել’

2913

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ ԶՈւ շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի՝ 150 հազար դոլար արժողությամբ Porsche մեքենան նրան են նվիրել ռուսաստանցի բարերարները:

«Ես տեղեկություն ունեմ, որ այդ մեքենան Բաղմանյանի ընկերների կողմից նվիրված մեքենա է: Հավատացեք, որ այսօրվա ԶՈւ ոչ մի ղեկավար անձ այդ հնարավորությունները չունի, որ կարողանա կարճ ժամանակահատվածում այդպիսի մեքենա ձեռք բերել: Նվիրատվություն իրականացրել են այն բարերարները, ովքեր Ռուսաստանի Դաշնության ընկերներն են», — պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, եթե հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ կարող են ճոխ նվերներ ստանալ, ապա «վաստակած ճանապարհ անցած» գեներալը նույնպես այդ իրավունքն ունի. «Նվիրել են, ինքն էլ չի հրաժարվել նվերից», — նկատեց նախարարը:

Ասուլիսի ընթացքում նախարարը խոսեց նաեւ վերջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի, իր խոսքով՝ դրական արդյունքների մասին: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիսկ չի տեսնում ԶՈւ շտաբի պետի տեղակալին 150 հազար դոլարանոց նվեր տալու մեջ, Սեյրան Օհանյանը հակիրճ պատասխանեց՝ «Ոչ, այդտեղ կոռուպցիոն ռիսկ չկա»:

Պատասխանելով դիտարկմանը, թե գեներալ Բաղմանյանը, ինչպեսեւ ԶՈւ այլ բարձրաստիճան զինվորականներ, Երեւանում շրջում են թիկնազորի ուղեկցությամբ, նախարարը նշեց, թե «դա թիկնազոր չէ, գուցե դա նրա ընկերներն են»: Սեյրան Օհանյանի խոսքով, պաշտպանության նախարարությունում, բացի նախարարից եւ նրա տեղակալներից, այլեւս ոչ ոք թիկնազոր չունի: 

Նախորդ հոդվածը‘Ռեյնան տեղափոխվում է «Բավարիա»’
Հաջորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ. Հանրային կինոդիտում և քննարկում’