‘
Կատալոնիայի իշխանությունները Եվրամիության, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի կառույցներին կոչ են արել միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրավիճակին և Մադրիդին թույլ չտալ ոտնահարել Եվրամիության ժողովրդավարական նորմերը, հայտարարել է Կատալոնիայի կառավարությունում արտաքին գործերի և ինստիտուցիոնալ կապերի նախարար Ռաուլ Ռոմևան:
Լրագրողների առջև ելույթ ունենալով Բրյուսելում՝ նախարարը հայտարարել է, որ Իսպանիայում «խախտվում է ժողովրդավարական կառույցների աշխատանքը»: Նա նշել է, որ իշխանությունները «հետապնդում են քաղաքապետներին, վախեցնում լրագրողներին և իրավապաշտպաններին, մասնավոր անձանց», վտանգված են քաղաքացիական իրավունքները:
«Եվրահանձնաժողովն այլևս չի կարող ասել, թե դա ներքին գործ է: Նրանք պետք է պաշտպանեն Կատալոնիայի քաղաքացիներին»,- հայտարարել է կատալոնացի նախարարը՝ հավելելով, որ եվրոպական իշխանությունների լռությունը կնշանակի «աջակցություն հալածական գործողություններին»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘