‘Նախարար. Մաքսային միության «լույսի ներքո» գազի թանկացումը կփոխհատուցի Ռուսաստանը’

868

Գազի գնի թանկացման հետևանքով առաջացող տարբերությունը կսուբսիդավորի ռուսական կողմը։ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին` արդյո՞ք ուժի մեջ է ամիսներ  առաջ Կառավարության արած հայտարարությունը, թե գազի գնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը պետք է Կառավարությունը վճարի:

Նախարար Մովսիսյանն ի պատասխան հայտարարեց, որ այդ հարցն այլեւս օրակարգում չէ, եւ ռուսասկան կողմը պարտավորվել է  սուբսիդավորել Հայաստան առաքվող գազը:

«Ռուսական կողմը հետ չի կանգնի պայմանավորվածությունից և մինչև հաջորդ տարի կսուբսիդավորի գազի գինը», — նշեց նա։

Արմեն Մովսիսյանը համաձայնեց Արամ Մանուկյանի դիտարկման հետ, որ այս քննարկումները բավական ժամանակ են խլել:

«Ճիշտ եք նկատել, նախ ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, հետո խնդիր առաջացավ իրավական ձևակերպումների մասով, հետո, երբ փաստաթուղթը ստեղծվեց և պետք է ստորագրվեր, առաջ եկավ Մաքսային միությանը միանալու խնդիրը, և հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո: Այժմ վերջին բանակցւթյուններն են ընթանում, և իմ կարծիքով, մինչև Նոր տարի»,- ասաց նախարարը` հղում անելով «ռուս գործընկերների հավաստիացումներին»։ 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրգործ չի հարուցել’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Դատավորները խոսքը մեկ են արել’