‘Նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը կրկին հանդիպելու է Կիմ Չեն Ինի հետ’

1691

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը մեկնում է ԿԺԴՀ, հաղորդել է Associated Press-ը: Նախկին մարզիկը առաջ էլ է եղել Հյուսիսային Կորեայում և այնտեղ հանդիպել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, բայց սա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո առաջին այցն է Հյուսիսային Կորեա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք քննարկել է այցը Փհենյան ԱՄՆ նախագահի հետ՝ Ռոդմանըն ասել է, թե «Թրամփը, հավանաբար, գոհ է, որ ես այս հարցում փորձում եմ արդյունքի հասնել, ինչն այնքան անհրաժեշտ է երկուսիս համար էլ»: Նա պարզաբանել է, թե հույս ունի, որ «մի դուռ կբացի» իր փակվածությամբ հայտնի այդ երկիր կատարած իր հերթական այցով: Ռոդմանն ընդգծել է, որ մտադիր չէ հյուսիսկորեական իշխանությունների հետ քննարկել ԿԺԴՀ-ում ձերբակալված ամերիկացիների ճակատագիրը:

Նախկին բասկետբոլիստի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռոդմանը բացառիկ դիրքերում է, քանի որ բարեկամական կապեր ունի թե՛ ամերիկյան և թե՛ հյուսիսկորեական առաջնորդների հետ: Դոնալդ Թրամփի հետ նա ծանոթացել է, երբ մասնակցել է «Հայտնի մարդու աշակերտը» ռեալիթի-շոուին, իսկ ԿԺԴՀ կատարած մի քանի այցերի ժամանակ հանդիպել է Կիմ Չեն Ինի հետ ու նույնիսկ երգով շնորհավորել նրան ծննդյան կապակցությամբ:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանում հոկտեմբերի 15-ին կկայանան նախագահական ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել’