‘Նախկին «Միսս Թուրքիային» ազատազրկում է սպառնում՝ Էրդողանին վիրավորելու համար’

975

«Միսս Թուրքիա-2006» տիտղոսը կրող Մերվե Բյույուկսարաչին երկու տարվա ազատազրկում է սպառնում՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այդ մասին հաղորդել է The Telegraph-ը:

26-ամյա աղջկա փաստաբանի խոսքով՝ Ստամբուլի դատախազությունը պնդում է, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի Instagram-ում տեղադրված  նյութի համար: Խոսքը «Առաջնորդի պոեմի» (The Master’s Poem) մասին է, որը Թուրքիայի օրհներգի պարոդիան է և հրապարակվել է Uykusuz երգիծական ամսագրում: Աղջիկն իր էջում տեղադրել է դրա հղումը, սակայն ավելի ուշ հեռացրել է, քանի որ ընկերներից մեկը նրան զգուշացրել է, որ դրա համար նրան կարող են հետապնդել:

Բյույուկսարաչն իր մեղքը չի ընդունում և հայտարարում է, որ այդ տեքստն ինքը չի գրել: «Ես պարզապես իմ էջում դրել եմ դա, քանի որ ծիծաղելի եմ համարել: Ես նախագահ Էրդողանին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել»,- հայտարարել է նա:

Թե հատկապես երբ է նախկին գեղեցկուհին հրապարակել այդ նյութը՝ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրան ձերբակալել են այս տարվա հունվարին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Brit Awards-ում ելույթ ունենալիս Մադոննան ընկել է աստիճաններից (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելային առաջարկել են նավթը փոխանակել անձեռոցիկների հետ’