‘Նախկին նախարարի կինը մոտ 20 մլն դրամ ծննդաբերության նպաստ է ստացել. «Հրապարակ»’

3175

ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ: Այս մասին գրում է «Հրապարակը»՝ հավելելով, որ թերթի տվյալներով` ստացել է 20 մլն դրամ:

Հարկատուների` ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է:

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետևանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով:

 Թվարկված գիգանտները կարող են իրենց աշխատողներին գլխից դուրս աշխատավարձ վճարել, բայց ֆինանսական հաշտարարը ՀՀ պետական պաշտոնյա է, իսկ ՀՀ-ն, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա 20 մլն դրամ սոցիալական նպաստ տալ իր ֆինանսական հաշտարարին:

Թերթի հետ զրույցում Փիրուզ Սարգսյանը հրաժարվել է նշել ինչպես նպաստի չափը, այնպես էլ` իր ստացած աշխատավարձի: Հաշտարարը ասել է, որ «կեղտոտը դրան (20 մլն-ին) մոտ թիվ է, բայց մաքուրը դրանից հեռու է:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը «յուրացնում» է կենսաթոշակայինի գումարները. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել 36 հազար ավտոմեքենա. «Ժողովուրդ»’