‘
Արգենտինայի դատարանը մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար ցմահ ազատազրկման է դատապարտել 1976-83թթ. ռազմական խունտայի օրոք բաձրաստիճան պաշտոն զբաղեցրած Հայմե Սմարթին, հայտնում է BBC-ն:
Հայմե Սմարթը, որը ղեկավարում էր մայրաքաղաքի ներքին գործերի վարչությունը, ևս 22 անձանց հետ մեղավոր է ճանաչվել, այսպես կոչված, «կեղտոտ պատերազմի» տարիներին գաղտնի բանտերի ստեղծման, մարդկանց առևանգման, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին առանց դատաստանի ձերբակալելու և տանջամահ անելու համար:
Հիշեցնենք, որ 1970-ական թվականներին, երբ Արգենտինան կառավարվում էր ռազմական բռնապետության կողմից, հազարավոր մարդիկ ձերբակալվել են և առանց դատարանի որոշման սպանվել կամ հայտնվել գաղտնի բանտերում, որտեղ շատ քչերին է հաջողվել ողջ մնալ:
Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ են հուղարկավորված Արգենտիայի բռնապետական ռեժիմի զոհերը: Ամենայն հավանականությամբ՝ նրանց դիակներն այրվել են:
‘