‘
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Նազարեթ Մնացականյանը, ով մինչեւ 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։
Ժամանակին մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերոզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափի յուրացման մեջ:
Սա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում միակ կադրային փոփոխությունը չէ: Հիշեցնենք, երեկ իր դիմումի համաձայն՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ այսօր Խաժակ Կարայանը նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա կադաստրի կոմիտեի նախագահի խորհրդականն էր:
‘