‘Նախնական հայացք՝ ԱԽՏՀ պեկինյան գագաթնաժողովին’

1090

Պեկինում ավարտվեց Ասիա-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության 25-րդ գագաթնաժողովը: Դատելով մասնակիցների տպավորություններից՝ այն նախապատրաստելու համար վեց միլիարդ դոլարի ծախսը լիովին արդարացվեց. չինացիները կնքեցին բազմաթիվ պայմանագրեր:

Այս գագաթնաժողովին առանձնահատուկ անհամբերությամբ էին սպասում շատերը: Մինչև վերջ պահպանվեց ինտրիգը՝ կհանդիպե՞ն արդյոք Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, և արդյո՞ք Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը կիրականացնի «Պուտինի հախից գալու» իր սպառնալիքը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն իսկապես հանդիպել են և, Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հասցրել են կարճ, բայց արդյունավետ զրույցներ ունենալ թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ Սիրիայի, թե՛ Ուկրաինայի և թե՛ Իրանի վերաբերյալ: Երեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, նրանք հանդիպումների սրահ են մտել միասին, աշխուժ զրուցելով,  Ռուսաստանի ղեկավարը նույնիսկ բարեկամաբար թփթփացրել է ամերիկացի գործընկերոջ ուսին:

Թոնի Էբոթի հետ նույնպես Պուտինը խաղաղ է բաժանվել. չնայած իր խոստմանը՝ ավստրալացի վարչապետը չի բռնել «Ռուսաստանի նախագահի օձիքից», այնպես որ՝ հարկ չի եղել, որ Պուտինն էլ ձյուդոյի իր հմտությունները ցուցադրի: Հիմնականում խոսել են աղետի ենթարկված «Բոինգի» մասին՝ համաձայնելով, որ այդ ողբերգական աղետի հետաքննությունը պետք է հնարավորինս արագ կատարվի:

Քանի որ գագաթնաժողովի վերաբերյալ տեղեկատվությունը բավական ժլատ է, ուստի ամենաքննարկելի թեմաներից մեկը դարձել է Պուտինի ժեստը, ով իր կողքին նստած Պեն Լիյուանի՝ Չինաստանի առաջին տիկնոջ ուսերին պլեդ է գցել: Foreign Policy ամսագիրը դրան մի ամբողջ հոդված է նվիրել, իսկ աևմտյան մեկնաբանները սկսել են ենթադրություններ անել՝ Ռուսաստանի նախագահի գործողություններում փորձելով սեքսուալ ենթատեքստ գտնել:

Ի դեպ, եվրոպացիների և ամերիկացիների համար երբեմնի այդ շատ բնական՝ քաղաքավարի ու սիրալիր ժեստը Չինաստանում այլ տեսանկյունից է դիտարկվում: Չինացիների կարծիքով՝ նման վարքագիծը դիտվում է որպես հովանավորչական, որպես ավագի հոգատարություն կրտսերի նկատմամբ, ինչն առանձնապես ընդգծվում է Պեն Լիյուանի կարգավիճակով՝ Չինաստանի առաջին տիկին: Նույնիսկ ժամանակակից Եվրոպայում և ԱՄՆ-ում արարողակարգի՝ նման աննշան խախտումը կարող է ոչ ադեկվատ արձագանքի արժանանալ, ուր մնաց՝ Չինաստանում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Անկարգություններ Վարշավայում. 50 մարդ վիրավորվել է’