‘Նամակ չես կարում գրես, բայց գրում ես, որ ի՞նչ անես’

4034

Այսօր՝ Սերժ Սարգսյանը արձագանքել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի իրեն ուղղված բաց նամակին: Սերժ Սարգսյանը խոսել է ամեն ինչից, բացի Թանգյանի բարձրացրած հարցերից, չգիտես ինչու՝ որոշել է լիրիկական զեղումներով, պաթետիկ եւ անհասկանալի էքսկուրս կատարել, եւ որպես բաց նամակ ներկայացնել մի երկարաշունչ տեքստ, որն ավելի շատ դպրոցական շարադրություն է հիշեցնում:

Այդ իսկ պատճառով, որեշեցինք հրապարակել մի ուշագրավ նամակագրություն, ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի նախագահների պատասխանները՝ իրենց ուղղված նամակներին: Եթե նույնիսկ դրանց բովանդակությունը բավականին զվարճալի է լինում:

1984 թվականին Հարավային Կարոլինա նահանգի Իրմո քաղաքի 13-ամյա բնակիչ Էնդի Սմիթը զվարճանալու համար նամակ է գրում նախագահ Ռոնալդ Ռեյգանին՝ այսպիսի բովանդակությամբ.

«Բարև, Ռոն, մայրս այսօր իմ ննջասենյակը հայտարարեց աղետի գոտի: Խնդրում եմ տրամադրել բավարար դաշնային միջոցներ՝ աշխատուժ վարձելու և սենյակս մաքրելու համար»:

 

Նախագահ Ռեյգանը ոչ ավել, ոչ պակաս պատասխանում է Էնդիին` հետեւյալ տողերով.

 «Սիրելի Էնդի, ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար, սակայն, ինչպես գիտես, Չինաստանում էի և նամակդ տեսել եմ միայն վերադարձիցս հետո: Քո դիմումը ընդունվել է ի գիտություն, բայց պետք է մատնանշեմ մի տեխնիկական խնդիր. դիմումը պետք է ներկայացվի սենյակդ աղետի գոտի հայտարարող լիազոր մարմնի կողմից, որը տվյալ դեպքում քո մայրն է: Սակայն, այս հարցն էլ մի կողմ դնելով, ստիպված եմ նշել առկա միջոցների սղության մասին: Այս տարի աղետների տարի է եղել: Մայիսի 4-ի դրությամբ արդեն տեղի է ունեցել 539 փոթորիկ, բազմաթիվ ջրհեղեղներ, անտառային հրդեհներ, Տեխասում երաշտ է եղել և մի քանի երկրաշարժ: Ցանկանում եմ պարզապես ասել, որ մեր միջոցները վտանգավորության աստիճանի սուղ են: 

Իսկ կարո՞ղ եմ մի խորհուրդ տալ. իմ վարչակազմը, վստահ լինելով, որ կառավարության կողմից կատարվող շատ բաներ կարող են շատ ավելի լավ իրականացվել կամավորների կողմից տեղական մակարդակում, հովանավորում է մասնավոր սեկտորին վերաբերող մի նախաձեռնություն, որը մարդկանց կոչ է անում տեղական մի շարք խնդիրների լուծման հարցում կիրառել կամավորության փորձը: Քո իրավիճակը, կարծես, համապատասխանում է դրան: Վստահ եմ՝ մայրդ բոլոր հիմքերն ուներ՝ քո սենյակը աղետի գոտի հայտարարելու համար: Հետևաբար դու գերազանց հնարավորություն ունես ինքդ նախաձեռնել մի կամավորական ծրագիր, որը զուգահեռ կիրականացվի երկրում արդեն ընթացքի մեջ գտնվող ավելի քան 3,000 նույնատիպ ծրագրերի հետ: Շնորհավորու՛մ եմ: Լավագույն մաղթանքներս փոխանցիր մայրիկին:   

Հարգանքով՝ 

Ռոնալդ Ռեյգան»:

Հ.Գ. Եթե Հայաստանում կգտնվի մեկը, ով կհավատա, որ Սերժ Սարգսյանը գիտի իր պատասխան նամակում օգտագործված Bellum omnium contra omnes  արտահայտության իմաստը, ապա նա անուղղելի լավատես է: Անկախ ամեն ինչից, նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը պիտի կարողանա թողնել սոլիդ տպավորություն:

 

Նախորդ հոդվածը‘Մեսին կարող է հայտնվել Մոուրինյոյի թիմում’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում’