‘Նավալնիին ոստիկանություն են տարել «շորտերով ու հողաթափերով»’

1881

Շաբաթ օրը Մոսկվայում, իր տան մոտ, ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա մեկուսարանից գրել է, որ երկուշաբթի իրեն դատելու են անցյալ ձմեռ հանրահավաքին մասնակցելու համար:

Բանն այն է, որ կիրակի օրը Մոսկվայի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին թոշակային տարիքի փոփոխությունների դեմ Նավալնիի և իր կողմնակիցների նախատեսած բողոքի ակցիան համաձայնեցված չէ:

Եվ ահա, ընդդիմադիր գործիչը համոզված է, որ իր նկատմամբ գործի քննությունն ամիսներով հետաձգելը (որով նախատեսվում է 30 օրվա վարչական կալանք) և ներկայիս ձերբակալությունը թելադրված են սեպտեմբերի 9-ի ցույցի ժամանակ իրեն մեկուսացնելու ցանկությամբ: «Սովորաբար՝ փորձում են ձերբակալել ակցիայի նախօրեին, մինչդեռ հիմա դեռ երկու շաբաթ կա: Ըստ երևույթին՝ թեման շատ կարևոր է»,- գրել է Նավալնին:

«Ինձ դատելու են երկուշաբթի, հունվարի 28-ի հանրահավաքին մասնակցելու համար: Հարցնում եմ՝ «Բա ինչո՞ւ եք կես տարի սպասել»: «Այդ ամբողջ ժամանակ ոստիկանությունը ձեզ էր փնտրում, բայց չէր կարողանում գտնել»»,- ոստիկանության հետ իր երկխոսությունն է շարադրել ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆեդերեր. Փառք Աստծո, Նադալի, Ջոկովիչի, Մարեյի նման մրցակիցներ ունեմ’
Հաջորդ հոդվածը‘«Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց’