‘
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքային դատարանում բողոքարկել է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այսօր առավոտյան նա իր իրավաբանների հետ բողոք է ներկայացրել դատարանի գրասենյակ: Նավալնին և նրա ընտրական շտաբի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել 20 տուփ՝ շրջանային տարբեր դատարաններ ուղարկված դիմումներով, որոնցում քվեարկության ընթացքում թույլ տրված կոնկրետ խախտումներ են նշվում: «Այս տուփերում անվիճելի իրավաբանական ապացույցներ են: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի պաշտպանենք մոսկվացիների քվեները, նաև՝ ինձ տրված», — հայտարարել է Ալեքսեյ Նավալնին:
Ընդդիմությունը պնդում է, որ Սերգեյ Սոբյանինի հաղթանակը հենց առաջին փուլում հնարավոր է դարձել խախտումների և խարդախությունների շնորհիվ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘