Հյուսիսատլանտյան դաշինքը տվյալներ չունի այն մասին, թե Ռումինիայում, ենթադրաբար, ԱԹՍ-ի բեկորների հետ կապված միջադեպը Ռուսաստանի կողմից դիտավորյալ գրոհի հետևանք է։
Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի անդամների առջև։
«Ռումինական իշխանությունները հաստատել են, որ ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել։ Նրանք երեկ տեղեկացրել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, հիմա հետաքննություն է ընթանում։ Մենք տվյալներ չունենք Ռուսաստանի կողմից դիտավորյալ գրոհի մասին»,- ասել է նա։
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Անջել Տիլվերն ավելի վաղ տեղեկացրել է, որ Տուլչա գավառում «բեկորներ են հայտնաբերվել, որոնք կարող են անօդաչուի բեկորներ լինել», իշխանությունները պարզում են այդ բեկորների ծագումը։ Նա շեշտել է, որ չի կարելի պարզել պատճառային կապն այդ բեկորների և Ռումինիայի սահմանի մոտ ուկրաինական թիրախների վրա նախորդ գրոհների միջև։
Փոխանցում է tass.ru-ն։