‘ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար Վրաստանը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի’

1520

Վրաստանը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակին, բայց դրա համար երկար ժամանակ է պահանջվում, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:

«Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք համոզված ենք դրանում, բայց չենք ասում, թե դա տեղի կունենա վաղը կամ մյուս օրը, դրա համար շատ տարիներ կպահանջվեն: Մեզ համար դա շատ կարևոր գործընթաց է, որ տանում է դեպի նպատակակետը, քանի որ ամեն ինչ կապված է բարեփոխումների, ժողովրդավարական գործընթացների  աշխուժացման, տնտեսության զարգացման հետ»,- ասել է Ջափարիձեն:

Պատգամավորը «սուր հարց» է անվանել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների թեման՝ դրանք դիտարկելով որպես ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրմանը խանգարող գործոն: «Համաձայն եմ, որ մենք, ըստ երևույթին, զուգահեռաբար պետք է աշխատենք այդ հարցը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ համագործակցությունն սկսվել է 1994 թ., երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի մասնակից: 2004 թ. «վարդերի հեղափոխությունից» հետո այդ համագործակցությունն ավելի աշխուժացավ:

Նախորդ հոդվածը‘ԵՄ նախարարները Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կքննարկեն հունիսի 24-ին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է զբոսաշրջության ոլորտի անկման համար’