‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայ և ադրբեջանցի պատվիրակները կոշտ հայտարարություններ են փոխանակում’

139

Բաքվում անցկացվող «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» գագաթնաժողովում հայ և ադրբեջանցի պատգամավորները կոշտ հայտարարություններով են հանդես եկել:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ՝ հավելելով, որ երկիրը բոլոր ջանքերը գործադրում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Ըստ Նահապետյանի՝ բանակցային գործընթացում պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և չի կարող հանդես գալ որպես բանակցային կողմ: «Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող միջազգային փաստաթղթերում նշվում է Հայաստանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Նովրուզովը և հավելել, որ հետևելով միջազգային հանրության սկզբունքներին, որը պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ հանրությունը պետք է պաշտպանի նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այնուհետև ելույթ է ունեցել Հայաստանի Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նույնպես հայտարարել է, որ ղարաբաղյան կողմը պետք է ճանաչվի որպես բանակցային կողմ, ինչին հակադրվել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, ով ընդգծել է, թե «անջատականները չեն կարող ճանաչվել բանակցային կողմ»: «Հայաստանը պնդում է , որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի և անջատականների միջև: Այդ դեպքում Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը և դադարեցնի իր միջամտությունը»,- ասել է Օրուջը: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկին բերման են ենթարկել ոստիկանություն եւ 15 րոպե անց բաց թողել’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Քեսաբի ազատագրումը’