‘ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում ‘

648

Ս.թ. նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Նոյեմբերի 5-6-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում՝ «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ “Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ուԱֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

Նախատեսվում է նաև այցելություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինքի զարգացման և վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

Նախորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն չի մեկնաբանում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման լուրերը ‘
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունն առայժմ չի մանրամասնում, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ‘