ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը պատմել է դաշինք մտնելու՝ Ռուսաստանի պլանների մասին

637

Վլադիմիր Պուտինն իր իշխանավարության սկզբում ակնկալում էր, որ Ռուսաստանը կարող է ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, հայտարարել է  բրիտանացի քաղաքական գործիչ և 1999-2004 թթ․ ՆԱՏՕ-ի ղեկավար Ջորջ Ռոբերտսոնը։ Նա հուշեր է պատմել Ռուսաստանի առաջնորդների հետ իր բանակցությունների մասին One Decision Podcast-ի հետ զրույցում։

Ռոբերտսոնի ասելով՝ Պուտինն իրենց առաջին հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը դառնա Արևմտյան Եվրոպայի մի մասը։

«Պուտինն ասաց․ «Ե՞րբ եք պատրաստվում մեզ հրավիրել ՆԱՏՕ»։ «Դե, մենք չենք հրավիրում միանալու ՆԱՏՕ-ին, մարդիկ իրենք են դիմում ՆԱՏՕ մտնելու համար»։ Եվ նա ասաց․ «Ճիշտն ասած՝ մենք նույն շարքում չենք այլ երկրների հետ, որոնք նույնպիսի նշանակություն չունեն»»,- Ռուսաստանի նախագահի հետ իր զրույցը վերապատմել է դաշինքի նախկին ղեկավարը։

Նա նշել է, որ Պուտինի հայացքները փոխվել են Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունից» հետո, որի մեջ նա տեսնում էր դաշինքի քաղաքական և ֆինանսական միջամտությունը, ինչպես նաև՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման պատճառով։ Այսպես, Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Էստոնիան և Լիտվան կազմակերպությանը միացել են 2004 թ․, հինգ տարի անց նրանց հետևել են Խորվաթիան և Ալբանիան։ Վրաստանին և Ուկրաինային, իրենց հերթին, անդամություն խոստացվել է դեռ 2008 թ․, սակայն մինչ օրս նրանք դեռ մնում են «խաղից դուրս»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ թե խաղաղության, այլ դիմակայության համար։ Նրա խոսքով՝ ռուսաստանյան ղեկավարությունը երբեք պատրանքներ չի ունեցել դաշինքի վերաբերյալ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄակրոնը Մերկելին է հանձնել Ֆրանսիայի գլխավոր պարգևներից մեկը
Հաջորդ հոդվածըՄեկնարկում է դատավարությունը Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի պահապանի դեմ