‘
Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չի խաղում, սակայն Դաշինքն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-ն գործընկերային հարաբերություններ է զարգացնում թե՛ Հայստանի և թե՛ Ադրբեջանի հետ: Մեր հանդիպումների ընթացքում մենք ընդգծում են այն կարևորությունը, որ մենք տալիս ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Թե՛ այստեղ և թե՛ այնտեղ մենք ուղերձ ենք հղում այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով և փոխադարձ զիջումների հիման վրա»,-ասել է Ապատուրայը:
Նա վստահություն է հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի քաղաքական և տնտեսական կայունությանը: Միաժամանակ նա հավելել է, որ մեծ հույսեր է կապում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հետ, որը պետք է տեղի ունենա առաջիկայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
‘