Աֆղանացի զինվորականները, որոնց ուսուցմամբ զբաղվել են բրիտանացի և ամերիկացի մասնագետները, միանում են «Թալիբան» արմատական շարժման ջոկատներին։
Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Times թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ԶՈՒ-ում իր աղբյուրներին։
Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, «Թալիբանի» զինվորների՝ վերջերս արված լուսանկարներում կարելի է տեսնել ՆԱՏՕ-ի երկրների համար բնորոշ՝ ավտոմատ զենքը պահելու տեխնիկան․ հրաձիգի ցուցամատն ուղղված է և գտնվում է ձգանի ունկից դուրս, ինչը բացառում է պատահական կրակոցի հնարավորությունը։
«Դա մեր անվտանգության տեխնիկան է»,- հայտարարել է պարբերականի աղբյուրներից մեկը։ Նա պնդել է, որ թալիբները սովորաբար զենքը բռնում են «ոնց պատահի», մինչդեռ ինքնաձիգի փողի երկայնքով դրված ցուցամատը և այլ նշաններ հստակ մատնանշում են, որ այդ մարդը հատուկ ռազմական պատրաստություն է անցել։
Times-ի զրուցակիցները նաև կարծում են, որ աֆղանացի նախկին զինվորականները հաճախ այլ ընտրություն չունեն, քան թալիբներին հարելը, հակառակ դեպքում՝ նրանց կարող է սպառնալ բանտ կամ մահ։
Փոխանցում է tass.ru-ն։