‘ՆԱՏՕ-ն 64 մլն եվրո կհատկացնի Էստոնիայում զորքերի տեղակայման համար’

1734

ՆԱՏՕ-ն Էստոնիայում իր ենթակառույցներն ստեղծելու համար առաջիկա հինգ տարիներին կհատկացնի 64 մլն եվրո: Այդ մասին երկուշաբթի՝ հուլիսի 11-ին, հաղորդել է Eesti Paevaleht-ը:

Էստոնական իշխանություններն արդեն որոշել են պետբյուջեից ծախսել 60 մլն եվրո՝ դաշինքի զինվորականների համար զորանոցներ կառուցելու նպատակով, որոնք կտեղակայվեն Տապա քաղաքում: Սակայն լրացուցիչ ենթակառույցներ՝ ռազմական տեխնիկայի անգարներ ու կայանատեղիներ կառուցելու համար այդ գումարը չի բավարարի: «Դրա համար էլ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի բյուջեից կհատկացվի ևս 64 մլն եվրո»,- շեշտում է պարբերականը:

Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում, ինչպես նաև Լեհաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի չորս հազար հոգանոց լրացուցիչ քանակակազմ տեղակայելու մասին որոշումը հաստատվել է հուլիսի 8-9-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը տեղեկացրել էր  Սևծովյան տարածաշրջանում սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր ներկայության մասին՝ ի դեմս Ռումինիայի նոր բրիգադի:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի զորքերի մոտենալն իրենց տարածքին համարում են անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:

Փոխանցում է lenta.ru-ն:   

Նախորդ հոդվածը‘Բեն Լադեն կրտսերը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելան 12 ժամով բացել է Կոլումբիայի հետ սահմանը’