‘Նարեկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից. Շահերի բախում, թե՞ պաշտոնի բարձրացում’

861

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը Panarmenian.net ին հաստատել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմքերի մասին քիչ անց հաղորդագրություն կտարածվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ կստղծվի կառավարությանը առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե: Տարածված լուրերի համաձայն, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կնշանակվի կոմիտեի ղեկավար:

Իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում կնշանակվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը: Վերջինս ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Այս մասին ասել էր ինքը՝ Բարսեղյանը:

Մենք նաև տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի «սպիսոկը»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կ. Նազարյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը’