Նեբենզյա․ Կոսովոն Բալկաններում անվտանգության գլխավոր սպառնալիքն է

414

Կոսովոյի շուրջ իրադրությունը մնում է Բալկաններում  անվտանգության գլխավոր խնդիրը և միջազգային հանրության հատուկ ուշադրության կարիքն ունի, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթի ընթացքում։

«Կոսովոն շարունակում է մնալ լարվածության գլխավոր օջախը Բալկաններում, որը խարխլում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Անվտանգության իրավիճակը տարածաշրջանում անշեղորեն վատթարանում է՝ պահանջելով միջազգային հանրության և ՄԱԿ ԱԽ-ի լարված ուշադրությունը»,- ասել է նա։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ «2022 թ․ սկզբից Կոսովոյում արձանագրվել է սերբերի, նրանց ունեցվածքի, գերեզմանների ու կրոնական սրբավայրերի վրա հարձակման ավելի քան հարյուր դեպք, ինչը նախորդ տարվանից կրկնակի ավելի է»։

Ռուսաստանցի դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Պրիշտինան շարունակում է Արևմուտքից նոր ռազմական օգնություն պահանջել» և «ուզում է, որ տարածաշրջանում ամերիկյան ևս մի բազա տեղակայվի, ռադիոէլեկտրոնային պայքարի և 10 կմ-ից ավելի հեռահարության հրետանի մատակարարվի», իսկ Կոսովոյի ռազմական բյուջեն «ռեկորդային ծավալների է հասել՝ ընթացիկ տարում գերազանցելով 100 մլն եվրոն, ինչը մատնում է իշխանությունների ամենևին էլ ոչ խաղաղասիրական մտադրությունները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան ուղղությամբ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայում» դիտարկում են Լուիս Էնրիկեին վերադարձնելու տարբերակը