‘
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն, որի կուսակցությունն օրերս հաղթեց ընտրություններում, ներողություն է խնդրել քարոզարշավի ընթացքում արաբների հասցեին արված իր արտահայտության համար:
Ընտրությունների օրը նա հայտարարել էր, թե ձախ ճամբարի իր մրցակիցները ջանում են ընտրատեղամասեր բերել իսրայելցի արաբների ամբոխների, որպեսզի նժարը թեքեն իրենց օգտին: Նեթանյահուն նաև հերթական անգամ հայտարարել էր, թե վերընտրվելու դեպքում ինքը երբեք թույլ չի տա, որ ստեղծվի Պաղեստին պետություն:
Վարչապետն ասել է, որ ինքը չի ուզեցել վիրավորել իսրայելցի արաբներին: «Ես հասկանում եմ, որ այն, ինչ ասել եմ մի քանի օր առաջ, վիրավորելէ Իսրայելի քաղաքացիներից ոմանց: Իմ գործողությունները՝ որպես կառավարության ղեկավար, ինչպես նաև փոքրամասնությունների օգտին արվող խոշոր ներդրումները վկայում են իմ իսկական դիրքորոշման մասին: Ես նաև կարծում եմ, որ Իսրայելի սահմաններից դուրս ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր դեմոկրատական գործընթացներին»,- հայտարարել է Նեթանյահուն:
Սակայն արաբական կուսակցությունների «Միացյալ արաբական ցուցակ» դաշինքը չի ընդունել վարչապետի ներողությունը՝ հայտարարելով, որ իրենք ուզում են գործողության մեջ տեսնել, թե արդյո՞ք վարչապետը կպաշտպանի հավասարությունը:
Իսրայելցի արաբները այն 160 հազար արաբների սերունդներն են, որոնք մնացին Իսրայելի տարածքում՝ 1948 թ. հրեական պետության ստեղծումից հետո: Այժմ նրանք կազմում են Իսրայելի բնակչության առնվազն 20 %-ը: Փոխանցում է BBC-ն:
‘