‘
Սերբերի կիսապաշտպան Նեմանիա Մատիչը, ով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսի»-ում, հանդիպումից հետո զրուցել է հայ լրագրողների հետ:
-Նեմանիա՛, չե՞ք կարծում, որ Հայաստանն ավելի շատ պահեր ուներ հաղթանակ տանելու:
-Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք: Իհարկե 1-0 հաշվի ժամանակ 11-մետրանոց նշանակվեց և հաշիվը կարող էր 2-0 դառնալ, բայց մեր դարպասապահը հիանալի խաղաց, հետո մենք հավասարցրինք հաշիվը: Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք առաջին խաղակեսում ավելի լավ էինք նայվում և 2-3 լավ գոլային պահեր կորցրինք: Այնպես որ պետք է երջանիկ լինենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի:
-Հավանաբար չէիք սպասում, որ Հայաստանի հավաքականը կադրային մեծ կորուստներով էլ ուժեղ կլինի:
-Այո, իհարկե: Մենք նույնպես ֆուտբոլիստներ ունեինք, ովքեր վնասվածքներ ունեին ու չկարողացան մեզ այսօր օգնել: Մենք հարգում ենք Հայաստանի հավաքականին, նրանք լավ խաղացին այսօր ու վստահ եմ, որ նրանք խնդիրներ կստեղծեն Պորտուգալիայի, Դանիայի և Ալբանիայի համար: Մեր խմբում հետաքրքիր պայքար է ընթանալու:
-Խաղից առաջ նշվում էր, որ ձեզ միայն հաղթանակը կգոհացնի, դա նշանակում է, որ վստա՞հ էիք, որ հաղթելու եք այսօր:
-Երբեք վստահ չես կարող լինել, որ հաղթելու ես, բայց առաջին խաղակեսից հետո զգում էինք, որ կարող ենք հաղթել , երկրորդ խաղակեսն այլ կերպ դասավորվեց ու բնականաբար ուրախ չենք, որ մեկ միավոր վաստակեցինք, բայց 11-մետրանոցից հետո պետք է ուրախ լինենք նաև այդ մեկ միավորի համար:
‘