‘
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո-խմբ.) բազմիցս հանդիպել է Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբաններին ու կշտամբել խայտառակ մեկնաբանության համար: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հ1-ի մեկնաբանների աշխատանքը:
«Ո՞նց կարելի է գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակություն մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբերում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»,- ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ իր համար անընդունելի է մեր հայ մեկնաբանների աշխատանքը: «Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին»,- ավելացրեց նա:
Հարկ է սակայն նշել, որ հաշվի առնելով հայկական ֆուտբոլում պարբերաբար հենց Նեմեցի մասնակցությամբ տեղի ունեցող խայտառակ միջադեպերը, ինչպես նաեւ վերջին օրերին հայկական ակումբների խայտառակ արդյունքները, Հայաստանի հավաքականի այս տարի ցույց տված արդյունքները՝ առաջին հերթին հենց Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեցին է պետք արգելել մոտենալ ֆուտբոլին:
‘