‘Նեմեց Ռուբոն անգամ տոմս չի կարողանում վաճառել’

2390

Հաճախ, մեր հայրենակիցները, դժգոհելով այս կամ այն մեծ ու փոքր պաշտոնյաներից, ասում են, թե նրա տեղը քարի հանքն է, կամ` երթուղայինի վարորդի, կամ էլ` տոմսավաճառի տեղը: Իսկ իրականությունն այն է, որ այդ պաշտոնյաները նույնիսկ տոմսավաճառ չեն կարողանում աշխատել:

Դեռ թարմ են Հայաստան-Չեխիա խաղի հուշերը, երբ հազարավոր մարզասերներ տոմսը ձեռքներին մնացին մարզադաշտի ցանկապատերի տակ: Սեպտեմբերի 10-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Դանիայի ազգային թիմի հետ: Խաղը տեղի է ունենալու  «Հրազդան» մարզադաշտում: Այս մարզադաշտը մի քանի անգամ մեծ է հանրապետականից եւ մեծագույն անտաղանդ պետք է լինել խնդիրներ առաջացնելու համար: Բայց, պարզվում է, որ անտաղանդը ամենուր էլ կարող է խնդիրներ ստեղծել: Ֆուտբոլասերները համառ փորձեր են անում տոմս գնել այնպիսի տեղեր զբաղեցնելու համար, որտեղից կարող են նորմալ հետեւել խաղի ընթացքին: Փորձում են, բայց անհաջողության մատնվում: Այդ տոմսերը չկան: Չկան ոչ թե այն պատճառով, որ արդեն վաճառվել են, այլ այն պատճառով, որ դրանք տոմսավաճառներին չեն հասել: Անհասկանալի պատճառով ՀՖՖ-ն այդ տոմսերը վաճառքի չի հանել: Առավել համառ ֆուտբոլասերները անցել են բոլոր վաճառքի կետերով, բայց ամենուր ստացել նույն պատասխանը` այդ սեկցիաների տոմսերը չենք ստացել:

Մնում է կռահել, թե Ռուբեն Հայրապետյանը` նույն ինքը Նեմեց Ռուբոն ինչ պլան է մշակել տոմսերի հետ կապված: Ամեն դեպքում, ինչ էլ մտածած լինի, այս ամենն արդեն տհաճ է դառնում: Եթե չեք կարողանում անգամ նորմալ տոմս վաճառել, ապա հեռացեք: Ժողովուրդը, ֆուտբոլասերը, տոմսավաճառը հոգնել են ձեզնից էլ, ձեր գործերից էլ: Մեր երկիրը ծաղրի առարկա մի սարքեք:

Ի դեպ, Դանիայի խաղից առաջ վստահեցնում էին, թե տոմսերը ավելի էժան կվաճառվեն, բայց ոչ: Կրկին ամենաթանկ տոմսերը 8 հազար դրամ են: Ընդ որում, վատ տեղերի տոմսերը փորձում են խաբեությամբ վաճառել 8 հազար դրամով: Ստաժով ֆուտբոլասերները լավ գիտեն, որ ամենալավ տեղերը արեւմտյան տրիբունայի 2-4-րդ սեկցիաներն են, որոշ վերապահումներով նաեւ 5-ը, բայց հիմա 1-ին եւ 6-րդ սեկցիաների համար նախատեսված տոմսերը վաճառում են 8 հազար դրամով: Սա ամենասովորական ժուլիկությունն է, քանի որ այդ տեղերը գրեթե հարավային եւ հյուսիսային տրիբունաներում են: Մի խոսքով, այստեղ եւս ուզում են խաբել: Մնում է ասել` գնացեք ձեր տան անդամներին, ձեր անունով երդվողներին խաբեք: Իսկ ժողովրդին հանգիստ թողեք:

Իսկ թե ի՞նչ բացատրություն պետք է տա ՀՖՖ-ն այս խայտառակությանը, արդեն ճիշտն ասած ոչ մեկի չի էլ հետաքրքրում:

Լ.Այվազյան

Նախորդ հոդվածը‘Օձահմաների լեզուն անհետանում է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Պետությունը փուռը տալուն ընդառաջ’