‘Նեմցովը Կիևից բացատրություն է պահանջում՝ իր մուտքն Ուկրաինա արգելելու համար’

654

ՌԴ նախկին փոխվարչապետ, Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինա իր մուտքն արգելելու վերաբերյալ պարզաբանումներ չի տվել և չի նշել, թե որքան ժամանակ է գործելու այդ որոշումը: «Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը նույնպես չկարողացան որևէ բացատրություն տալ: Թե որքան ժամանակով է գործելու արգելքը՝ նույնպես հայտնի չէ»,- Facebook-ում գրել է ռուսաստանցի քաղաքական գործիչը: Միևնույն ժամանակ՝ Նեմցովը կարծում է, որ, հնարավոր է՝ ՈւԱԾ-ն նման որոշում է կայացրել  դեկտեմբերի 2-ին Մոսկվայում  Ուկրաինայի դեսպանատան մոտ «Ուկրաինա, մենք քեզ հետ ենք» ակցիային մասնակցելու պատճառով: Բացի այդ՝  նման որոշման վրա կարող էր ազդել Ուկրաինայի և Ռուսաստանի եվրաինտեգրման պաշտպանությունն իր կողմից, Յանուկովիչի հասցեին քննադատությունները կամ էլ վախը, թե ինքը կարող է ելույթ ունենալ Մայդանում: «Ես իսկապես մտադիր էի այցելել Մայդան, քանի որ հիացած եմ այդ մարդկանց քաջությամբ և հաստատակամությամբ, սակայն չէի նախատեսել ելույթ ունենալ: Ուկրաինացիներն առանց ինձ էլ լավ գիտեն՝ ինչ անել և ինչ ուղի ընտրել», գրել է Նեմցովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 12-ին սահմանապահները Բորիս Նեմցովին թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա՝ իրավապահ մարմինների համապատասխան որոշման հիման վրա, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ — տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Լեւոն Խեչոյանի համար 8 մլն դրամ կփոխանցի ‘