‘Նեմցովի զեկույցը Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինվորականների մասին’

1239

Բորիս Նեմցովի զինակիցները ավարտին են հասցրել նրա նախաձեռնած զեկույցը՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող մարտերին ռուսաստանցի զինծառայողների մասնակցության մասին: Ինչպես РБК-ին հաղորդել է «РПР Парнас»-ի քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինը, զեկույցն արդեն  տպագրվել է 2000 նվազագույն տպաքանակով, դա բավական է միայն շնորհանդեսի ընթացքում բաժանելու համար: «Коммерсантъ»-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը հանգանակություն է սկսում՝ զեկույցի զանգվածային տպագրությունը կազմակերպելու նպատակով: Զեկույցի շնորհանդեը նախատեսված է մայիսի 12-ին:

Զեկույցում նշվում է, որ Նեմցովի աղբյուրների տվյալներով՝ 2014 թ. օգոստոսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 150 ռուսաստանցի զինվորական: Զոհվածների ընտանիքներն ստացել են 2 մլն ռուբլի և ստորագրություն են տվել, որ չեն հրապարակի նրանց զոհվելու հանգամանքները, մեջբերում է РБК-ն: Գործակալությունը փոխանցում է, որ օգոստոսին ուկրաինական բանակը հարձակման է անցել, սակայն հարձակումը  Իլովայսկի մատույցներում կասեցվել է ռուսաստանյան զորքերի կողմից:

Զեկույցում նաև նշվում է, որ 2015 թ. հունվարին և փետրվարին Դեբալցևոյի մոտ զոհվել է 70 ռուսաստանցի զինվոր, այդ թվում՝ առնվազն 17 իվանովյան դեսանտայիններ: Զոհվածների հարազատները փետրվարին օգնության խնդրանքով դիմել են Նեմցովին, քանի որ չեն կարողացել փոխհատուցում ստանալ:

Զեկույցի համահեղինակ, մակրոտնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Ալեքսաշենկոյի գնահատականով՝ ինն ամիս պատերազմի ընթացքում ռուսաստանյան բյուջեից ծախսվել է 53 մլրդ ռուբլի, ևս 80 մլրդ ռուբլի ռուսաստանյան շրջանները ծախսել են 2014 թ. հուլիսից՝ Ուկրաինայի արևելքից փախստականներին հոգալու համար:

Ղրիմի միացումից հետո մեկ տարվա ընթացքում ռուսաստանցիների կորուստները Ալեքսաշենկոն գնահատել է 2 տրիլիոն ռուբլի՝ աշխատավարձից , և 750 մլրդ ռուբլի՝ խնայողություններից:

Նախորդ հոդվածը‘Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ղրղզստանից Սիրիա է մեկնել 352 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային գնով’