‘Նեմցովի զինակիցները չեն հավատում «իսլամական հետքի» վարկածին’

870

Բորիս Նեմցովի զինակիցներից Իլյա Յաշինի կարծիքով՝  քաղաքական գործչի սպանությունը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: BBC-ին տված հարցազրույցում Յաշինն ասել է, որ չի հավատում իսլամական ծայրահեղականության վարկածին:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշել էին, թե Նեմցովի սպանության պատճառ կարող էին լինել նրա արտահայտություններն իսլամի մասին:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր «Ինստագրամում» Նեմցովի սպանության կասկածյալներից մեկին՝ Զաուր Դադաևին, անվանել էր «Ռուսաստանի իսկական պատրիոտ» և նշել, որ «Մոսկվայի Բասմանյան դատարանի կողմից կալանավորված Դադաևը «ցնցված էր Շառլիի (նկատի ունի ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որի վրա հարձակում էր տեղի ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով) գործողություններից և դրանց տրված մեկնաբանություններից»:

«Հնարավոր է՝ այդ սպանության մեջ կա  կովկասյան հետք,- ասել է Յաշինը,- բայց ես չեմ կարծում, թե դա Charlie-ի պատճառով է: Նեմցովը դրա մասին շատ քիչ է խոսել: Նրա դիրքորոշումն այդ հարցում դուր չէր գալիս ռուսաստանյան իսլամ-արմատականներին, սակայն ֆրանսիական ամսագրի վերաբերյալ բանավեճերում նա գլխավոր գործող անձը չէր… Նեմցովը քննադատել է մարդասպաններին, սակայն ոչ մի վատ բան չի ասել իսլամի մասին»:

Ըստ Յաշինի՝ Նեմցովի սպանությունը «հասարակությանը վախեցնելու ակտ էր»:

Նեմցովի սպանության քաղաքական դրդապատճառների մասին ավելի վաղ խոսել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչներից շատերը, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին, լրագրող Քսենյա Սոբչակը, իրավապաշտպան Լև Պոնոմարյովը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Կադիրովին պարգևատրել է «աշխատանքային հաջողությունների» համար’
Հաջորդ հոդվածը‘Սփյուռքի ակնառու ներկայացուցիչները նախաձեռնել են երախտագիտության «Ավրորա» մրցանակաբաշխությունը ‘