‘Նեպալ են ժամանել ԱՄՆ ծովային հետևակայիններ’

1140

‘

ԱՄՆ զինծառայողները և փրկարարական ծառայության ինքնաթիռները ժամանել են Նեպալ, որպեսզի օգնեն հումանիտար բեռները հասցնել անցյալ շաբաթ աղետալի երկրաշարժից տուժած երկրի հեռավոր ու մեկուսի վայրերը: Ինքնաթիռների պակասը դժվարացնում է աշխատանքները նաև երկրաշարժի էպիկենտրոնի մոտ: Այժմ այդ խնդրի լուծմանը կմասնակցեն ԱՄՆ հարյուրի չափ ծովահետևակայիններ, որոնք Կատմանդու են ժամանել երկու ուղղաթիռներով և ուղղահայաց թռիչք ու վայրէջք  ունեցող չորս «Օսփրեյ»  ինքնաթիռներով: Ուղղաթիռներն ու ինքնաթիռները փրկարարարական աշխատանքներին կմիանան երկուշաբթի:

Նեպալում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 7 հազարից, վիրավորվել է ավելի քան 14 հազար մարդ: Զոհերի մեծ մասը Նեպալի բնակիչներ են, սակայն հարևան Հնդկաստանում, Չինաստանում և Բանգլադեշում նույնպես հարյուրի չափ զոհ կա: Կիրակի օրը Նեպալի ոստիկանությունը հրապարակել է զոհված և վնասվածքներ ստացած արտասահմանցիների ցուցակը, որում ամենաշատը Հնդկաստանի քաղաքացիներն են՝ 39 զոհ, 10 վիրավոր: Նեպալում ԵՄ դեսպանը ուրբաթ օրը տեղեկացրել է, որ Եվրամիության մոտավորապես հազար քաղաքացիների ճակատագիրը դեռ անհայտ է: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ամերիկահայ գիտնականը՝ քաղցկեղի եւ ՄԻԱՎ-ի դեմ բուժում գտնելու ճանապարհին. Հարցազրույց ‘
Հաջորդ հոդվածը‘Իդիլխան Բատիրաշվիլին չի հաստատել զարմիկի՝ Աբու Օմար ալ-Շիշանիի մահվան լուրը’