‘Ներիշխանական առճակատման խոհանոցը’

1403

Կառավարություն- Վերահսկիչ պալատ առճակատման խմորն, իհարկե, դեռ շատ ջուր կքաշի, բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչի շուրջ է ընթանում «կենաց-մահու ճակատամարտը», անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ Հայաստանում գործող թալանի մեխանիզմների (փաստաթղթերում դրանց քնքշորեն անվանում են «կոռուպցիոն ռիսկեր») մասին։

Սկսենք նրանից, որ թալանի հիմնական օբյեկտն այսպես թե այնպես երկրի բյուջեն է, եւ ցանկացած տնտեսական հանցագործություն այս կամ այն կերպ կապված է բյուջեի հետ։ Պատկերավոր ասած` բյուջեն մի մեծ կաթսա է, որին միացած են երկու խողովակներ. մեկով այդ կաթսան լցվում է, մյուսով` դատարկվում։ Լցվում է հարկերի եւ տուրքերի խողովակով, իսկ դատարկվում` պետական ծախսերի (աշխատավարձեր, սոցվճարներ, պետական գնումներ եւ այլն) խողովակով։ Ցանկացած նորմալ երկրում էլ այդպես է. բայց մեր դեպքում երկու խողովակներն էլ նույնիսկ ոչ թե մի քանի տեղից ծակ են, այլ վաղուց փտած։ Հայերեն ասած` երկու խողովակներն էլ «չռռում են»։ Դրա համար էլ մի կողմից` քիչ է լցվում, մյուս կողմից` այդ եղած քիչն էլ «ելքային խողովակով» համարյա տեղ չի հասնում։

Հիմա` այն մասին, թե իշխանական համակարգի որ մասը որ խողովակից է սնվում։ Վարչապետն ու կառավարության անդամները, ճիշտ է, սեփական բիզնեսներ էլ ունեն (որքան էլ թաքցնեն դա), բայց հիմնականում սնվում են բյուջեից դուրս եկող խողովակներից. անիմաստ ծախսեր են անում, փոշիացնում բյուջեի միջոցները, «ատկատներ» ստանում եւ այլն։ Բնականաբար` ինչքան մեծ լինի բյուջեն, այնքան մեծ կլինի դրանից դուրս եկող խողովակներից օգտվելու հնարավորությունը, իսկ որպեսզի բյուջեն մեծ լինի` անհրաժեշտ է, որ «լցվող» խողովակները ծակ չլինեն։ Դրա համար էլ կառավարությունը ձգտում է, որ բոլորը վճարեն հարկերը, ընդ որում` որքան հնարավոր է շատ։ Իսկ ովքե՞ր են հիմնական հարկ թաքցնողները։ Ճիշտ է, արտոնյալ գործարարները, պարզ ասած` տարբեր տրամաչափի օլիգարխները։ Տիգրան Սարգսյանն ու 340 հազար դոլարով բիոզուգարաններ առած իր «առաջադեմ» թիմակիցները ցանկանում են օլիգարխների բիզնեսը դուրս բերել ստվերից, որպեսզի ավելի շատ մսխեն, դրա համար էլ անընդհատ փորձում են «ռեմոնտ անել» բյուջեի մուտքային խողովակները։ Բայց` պայմանով, որ ելքային խողովակները մնան նույն վիճակում։ Տնտեսության «իրական հատվածն» էլ ասում է, որ առաջին հերթին պետք է ելքային խողովակները նորոգել։ Գործնականում դա հնչում է մոտավորապես այսպես. «դուք հլը էղածը նորմալ ծախսեք` առանց թալանելու, հետո խոսեք մեզ հարկային դաշտ բերելու մասին»։ Վերահսկիչ պալատի ասածը հենց դա էր` կառավարության բոլոր ստորաբաժանումները թալանով են զբաղված, հետեւաբար` հիմնական պրոբլեմը բյուջեի մսխումն է, հիմնական հանցագործներն էլ մսխողներն են։

Սա իսկապես «դասակարգային պայքար» է։ Մի կողմում օլիգարխներն են, որոնք տարբեր ձեւերով (ասենք` շաքարավազի «կիլոյի մեջ» մի 30-40 դրամ աշխատելով, հազարավոր հեկտարներով հող մշակելով ու «կոպեկ-կոպեկ» միլիոններ վաստակելով) հարստացել են ու չեն ուզում նորմալ հարկեր վճարել, իսկ մյուս կողմում «բարեշրջիչ» նախարարներն են, որոնք «կոպեկ-կոպեկ փող աշխատելու» հետ գործ չունեն` օֆշորային գոտիներով-«Նաիրիտով»-բանով կարող են «բիրիք» մի քանի տասնյակ միլիոն դոլար փախցնել ու հրեշտակի տեսքով ելույթներ ունենալ։ Սրանք հարկեր չեն թաքցնում, սրանք պարզապես վճարված հարկերից վերցնում են` ինչքան իրենց պետք է։ Ու նաեւ «մեծ փողերի» տեղը գիտեն։ Սրանք «ինովացիոն տեխնոլոգիաներով» են աշխատում։ Ի՞նչ ձեթ ու շաքարավազի թանկացում, ի՞նչ բան, կարելի է միանգամից մի կես միլիարդ դոլարի վարկ վերցնել ու տեղում այնպես հետքերը կորցնել, որ ոչ մեկը գլխի չընկնի։

Իսկ առճակատումն առայժմ չի հանգուցալուծվում, որովհետեւ մեջտեղում նաեւ հիբրիդային խավ կա։ Օրինակ` Սերժ Սարգսյանի մերձավորները միաժամանակ ե՛ւ լուրջ բիզնեսներ ունեն (ու ամենայն հավանականությամբ թաքցնում են հարկերը), ե՛ւ բյուջեից են օգտվում։ Նույն վիճակում են նաեւ գրեթե բոլոր մարզպետները, քաղաքապետները եւ այլն։ Այսինքն` կա հսկայական մի խավ, որին ընդհանրապես որեւէ խողովակի նորոգում պետք չէ։ Բայց մյուս կողմից էլ` ինչ-որ բան պետք է անել, որովհետեւ բոլորի ախորժակները գնալով մեծանում են, իսկ թալանի բազան, հակառակը, փոքրանում։ Այստեղից էլ` ներիշխանական կրքերի աննախադեպ թեժացումը։

Մարկ Նշանյան

«Չորրորդ ինքնիշխանություն»


Նախորդ հոդվածը‘Կիրակնօրյա խմբագրական. Հերթական հեքիաթն՝ առանց երեք խնձորի’
Հաջորդ հոդվածը‘Թաիթիի հավաքականի խաղացողը եղել է Ֆերնանդո Տորեսի էքսկուրսավարը’