‘Ներսից քննադատելու իրավունքը’

2661

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել կայքերից մեկին ու անդրադարձել մի քանի առանցքային հարցերի` Գյումրիի դեպքերին, երկրի տնտեսական վիճակին, դրամի արժեզրկմանը եւ այլն։ Եթե փորձենք հարցազրույցը ներկայացնել մի նախադասությամբ` հիմնական ասելիքը սա է. երկրի վիճակը վատ է, իշխանություններն ի վիճակի չեն ադեկվատ արձագանքել մարտահրավերներին, եւ եթե արմատական փոփոխություններ չարվեն` ավելի վատ է լինելու։

Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ինչ ասում է` ճիշտ է ասում։ Դեռ մի բան էլ քիչ է ասում։ Բայց այնպես է ասում, կարծես թե այսօրվա իրավիճակի հետ ինքը հեչ կապ չունի։ Օրինակ` ասում է, որ եթե Հայաստանի էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն լիներ, նավթի գնանկումը դրական ազդեցություն կունենար մեզ համար (բայց քանի որ շուկան մենաշնորհային է` նման բան տեղի չի ունենում)։ Այ շատ ապրես, ինչպես ղարաբաղցիներն են ասում` «ղորմի քահոր», բայց հարց է ծագում` ինչպե՞ս են առաջացել այդ մենաշնորհները։ Ճիշտ է, այդ ոլորտը կարծես թե Սերժ Սարգսյանի «կուրացիայի տակ» էր` նա էր «համակարգում» Միխայիլ Բաղդասարովի ու Բարսեղ Բեգլարյանի գործունեությունը, բայց չէ՞ որ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, այսինքն` ինքն էլ իր հերթին Սերժ Սարգսյանի գործունեությունն էր համակարգում։ Կամ, ասենք, «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագիրն անվանում է «խնդրահարույց»։ Համաձայնվեք` դեռ մի բան էլ մեղմ է ասված, որովհետեւ դա ըստ էության վասալական պայմանագիր է։ Բայց համաձայնվեք նաեւ, որ փոքր-ինչ տարօրինակ է հնչում, երբ այդ մասին խոսում է «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի կնքահայրն ու այդ ծրագրով Հայաստանի էներգետիկ համակարգը Ռուսաստանին հանձնողը։ Ի դեպ` Քոչարյանն ասում է նաեւ, որ «Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ»։ Եվ դարձյալ` հարյուր տոկոսով համաձայն ենք։ Տեսնես այն ո՞վ էր, որ տասը տարի Հայաստանում «քաղաքական էլիտա» է եղել, եւ, ըստ միջազգային լրատվամիջոցների, հաջողացրել է կուտակել մոտ 4 միլիարդ դոլար` մեկուկես անգամ ավելի, քան Հայաստանի տարեկան բյուջեն է։ Բայց երեւի իզուր այս մասին հիշեցինք` սա հաստատ «էլիտայի» եւ պետության տնտեսական շահերի բախման հետ կապ չունի։ Ի՞նչ տարբերություն` Հայաստա՞նն է այդքան հարստացել, թե՞ առանձին վերցրած ՀՀ քաղաքացին։

Կարող են ասել` լավ, հասկացանք, նա նույնպես մեղքի իր բաժինն ունի այսօրվա վիճակի համար, բայց մի՞թե դա նրան զրկում է այսօրվա իշխանություններին քննադատելու իրավունքից։ Իհարկե չի զրկում։ Մենք հիշաչար չենք եւ չենք հիշեցնի, թե ով Հայաստանի քաղաքական բառապաշարը հարստացրեց «Ում կովը բառաչի` քոնը թող սուս մնա» թեւավոր խոսքով։ Ավելին` նրա քննադատությունը շատ արժեքավոր է, որովհետեւ նա, կարելի է ասել, ներսից գիտի այսօրվա ծայրահեղ վիճակի խորքային պատճառները։ Այլ հարց է, որ նրա քննադատությունն ակնհայտորեն ինքնանպատակ չէ` նա դա անում է ոչ թե որպես քաղաքական կամ տնտեսական մեկնաբան, այլ որպես մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնություններ ունեցող քաղաքական գործիչ։ Տեսեք` նա ասում է «քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա», եւ դարձյալ հարյուր տոկոսով իրավացի է։ Բայց` ակնհայտորեն ինքն իրեն է վերապահում «քաղաքական մենաշնորհը» խախտելու դերը։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ժամանակին ինքն էր պարծենում, թե հատ-հատ ստուգել է ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Բայց եթե քաղաքական մրցակցությունը պիտի ապահովեն ինքն ու Սերժ Սարգսյանը` այստեղ արդեն ներող կլինեք, Հայաստանը տասը տարի տեսել է այդ «մրցակցությունը» ու մինչեւ կոկորդը կուշտ է։

Մի խոսքով, որպես քաղաքագետ կամ որպես պետական կառավարման համակարգի գիտակ` Ռոբերտ Քոչարյանը միանգամայն իրավացի է։ Ավելին, ինչպես ցանկացած այլ քաղաքական գործիչ` իրավունք ունի իշխանության հասնելու հայտ ներկայացնել եւ ձգտել վերադառնալ մեծ քաղաքականություն։ Բայց համաձայնվեք` իրավացի են նաեւ բոլոր նրանք, ովքեր կփորձեն թույլ չտալ դա, որովհետեւ դեռ լավ են հիշում, թե ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին, ով էր դրա պատասխանատուն, եւ ում հետագա իշխանությունն ապահովելու համար արեց։

Մարկ Նշանյան

chi.am


Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Այս շաբաթ հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’