Նժդեհ Հովսեփյանի արժեքավոր գիտական աշխատությունը. Ալիք Մեդիա

1268

Լույս է տեսել պատմաբան Նժդեհ Հովսեփյանի «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում. պատմա-քաղաքագիտական հետազոտություն» գիրքը (Երեւան, «Անտարես», 2023), մի կազմի մեջ անգլերեն եւ հայերեն տարբերակներով։

Անկախության շրջանի հայոց պատմության ընթացքը պայմանավորած առաջին ու ելակետային խնդիրն է եղել արցախյան հակամարտությունն ընդհանրապես, իսկ զինված առճակատման փուլի ավարտից հետո այդ հակամարտության կարգավորման հարցն է դարձել առանցքայինը։

Այսինքն՝ փոխզիջումների հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ «ստատուս-քվոյի» պահպանման դիլեման է եղել երկրի քաղաքական կյանքը, իրադարձությունների շղթան պայմանավորող հիմնական գործոնը։

Այնպես որ, վերնագրում ձեւակերպված խնդիրը խիստ կարեւոր է, եւ դրա առանցքային լինելը ցուցադրվում եւ հաստատվում է բուն հետազոտությամբ։ Առաջնայնության հանգամանքով էլ դա շուրջ երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության ոչ միայն թիվ մեկ քաղաքական խնդիրը միջազգային ասպարեզում, այլեւ, անմիջականորեն կամ միջնորդավորված, իրենով պայմանավորել երկրի ներքաղաքական կյանքի, հասարակական ու տնտեսական հարաբերությունների եւ խնդիրների ամբողջ լուսապատկերը, ընդհուպ պետականության որակը, վերջին հաշվով՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը։

Կարեւորագույն այս հարցը, բնականաբար, կարող էր եւ պետք է լիներ ինչպես պատմագիտական, այնպես էլ քաղաքագիտական ուսումնասիրության առարկա։ Գիտական լավագույն արդյունքը կստացվեր, երբ պատմաբանն ու քաղաքագետը մեկտեղվեին մեկ անձի մեջ։ Այդպիսին է Նժդեհ Հովսեփյանի աշխատությունը, եւ լիովին արդարացված է վերնագրին կցված «պատմա-քաղաքագիտական հետազոտություն» հավելում-բացատրականը։

Սակայն պատմաբանի ու քաղաքագետի մեխանիկական մեկտեղումը դեռ քիչ է անաչառ վերլուծությամբ օբյեկտիվ, ճշմարտացի ու անխոցելի պատմություն ստանալու համար։ Դրա համար անհրաժեշտ է եւս մի քանի հիմք-հանգամանք.

Առաջին՝ որ պատմաբան հետազոտողն ունենա, ինչպես ասում են, նաեւ քաղաքական հոտառություն (դա, թերեւս, նույնպիսի բնատուր շնորհ է, ինչպես երաժշտական լսողությունը) ու դրանով իսկ՝ իրադարձությունների քաղաքական իմաստավորման ունակություն եւ հմտություն:

Երկրորդ՝ կարողանա, այսպես ասենք, դուրս գալ «ազգայինի կաշվից» ու կողքից, «օտար փորձագետի» աչքով նայի իրադարձություններին եւ իրողություններին՝ զերծ մնալով նաեւ քաղաքական համակրությունների կամ հակակրությունների (եթե անգամ այդպիսիք ունի) ազդեցությունից ու թելադրանքներից:

Երրորդ՝ տուրք չտա «հայրենասիրության» ու «դավաճանության» մասին այդ պահին հասարակական պատկերացումների մթնոլորտին կամ իներցիային, պատմագիտության մեջ եւ նույն հասարակական պատկերացումներում արդեն ամրացած կարծրատիպերին, առավել եւս՝ օրվա քաղաքական կոնյունկտուրային:

Չորրորդ՝ հետազոտության համար որպես հաստատուն հիմք, որպես հումք ու շինանյութ լինեն միմիայն ՓԱՍՏԵՐԸ։ Սակայն դրանք նախ՝ չպետք է օգտագործվեն ընտրողաբար կամ մի դեպքում՝ ուռճացվեն, մի դեպքում՝ նսեմացվեն կամ ընդհանրապես անտեսվեն՝ ենթարկվելով ու հարմարեցվելով հեղինակի կանխակալ (առավել եւս՝ ինչ-որ տեղից հանձնարարված) պատկերացումներին։ Երկրորդ՝ հետազոտողն ինքը կարողանա ենթարկվել փաստերի համադիր ու համալիր անաչառ քննությամբ թելադրված բանական, տրամաբանական արդյունքներին ու պարզապես արձանագրի դրանք որպես եզրահանգումներ։ Եվ վերջապես, որպես գնահատման միակ հիմք նկատի ունենա միմիայն տվյալ պատմական փուլի կամ երկրի ղեկավար գործչի գործունեության շրջանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ։

Նժդեհ Հոսեփյանը, ներդաշնակելով պատմաբանի եւ քաղաքագետի որակները, կարողացել է ապահովել գիտնական-հետազոտողի համար պարտադիր այս որակները, ինչը նրա աշխատության գիտականության, հավաստիության առաջին երաշխիքն ու գրավականն է։ Եվ սա ուրախալի փաստ է, արժանի գնահատանքի։

Սակայն վերը թվարկված որակները պետք է ունենա գիտականության հավակնող ամեն մի պատմաբան ու քաղաքագետ։ Ուրեմն ինչո՞ւ ենք դրանք շեշտադրում գրախոսվող այս աշխատության առիթով։

Շատ պարզ պատճառով.

Մեր պատմաբանները, որոնք անդրադարձել են այս շրջանին, չեն դրսեւորել այս որակներից որեւէ մեկը։ Նկատի ունենք առաջին հերթին «պաշտոնական» պատմագիտությունը, այն է՝ ակադեմիական եւ բուհական գիտնականներին։ Վերջիններիս ուսումնասիրություններից սինթեզված դպրոցական ու բուհական դասագրքերը շատ հեռու են այդ որակներից, իսկ անկախության շրջանի (ներառյալ նաեւ Ղարաբաղյան շարժման տարիների) պատմությունը դրանցում պարզապես խայտառակություն է գիտական առումով։

Շեշտում ենք դասագրքերը, քանի որ դպրոցից սկսած ու բուհով ավարտված՝ նախ դրանցով են ձեւավորվում հասարակական պատկերացումները։ Դատելով կատարված անամոթ կեղծիքներից, ուրացումներից, անհիմն վերագրումներից, ամեն ինչ գլխիվայր շուռ տված լինելու փաստից՝ դրանց հեղինակները ոչ միայն չպիտի ունեցած լինեն պատմաբան գիտնականի համար վերը թվարկված պարտադիր հատկանիշներն ու որակները, այլեւ միտումնավոր ու հետեւողականորեն առաջնորդվեին տրամագծորեն հակառակ, հակագիտական սկզբունքներով ու ազդակներով։

Եթե հնագույն պատմության հետ այս կերպ վարվելը դատապարտելի, սակայն դեռ ինչ-որ տեղ կարելի է դիտարկել գիտական բարեխղճության կամ գիտական էթիկայի տեսանկյունից, ապա ժամանակով մոտիկ, առավել եւս մերօրյա պատմության դեպքում այն քաղաքական իմաստով այլ բան չէ, քան ծանր հանցագործություն՝ հղի (իսկ մեր դեպքում՝ արդեն իսկ առարկայացած) ծանր հետեւանքներով ու աղետներով։

Մասնավորապես 1998 թվականից ի վեր իշխանական ամենօրյա քարոզչության հետ հենց անկախության շրջանի կեղծված պատմությամբ է ձեւավորվել ու թանձրացել հասարակական պատկերացումների այն մթնոլորտը, որը եւ վերջին երեք իշխանությունների համար պարարտ հող դարձավ նույն այդ հասարակությանը արցախյան կարգավորման հարցում մանիպուլյացիաների ենթարկելու, խնդիրը վերջնականապես տապալելու, Հայաստանը ընդհուպ գոյաբանական խնդիրների առջեւ կանգնեցնելու համար։

Եթե անգամ Նժդեհ Հովսեփյանը դա որպես եզրակացություն, ըստ էության, հստակ չարձանագրեր, ապա նրա ներկայացրած փաստերի ու իրողությունների համադիր քննությունը համոզիչ ցուցադրում է այս ընթացքը, ընթերցողին բերում է այդ, իր հերթին փաստի ուժ ստացած եզրահանգման։

Ուսումնասիրության հեղինակը ճիշտ է վարվում, որ աշխատում է միայն առաջնային սկզբնաղբյուրների ու անհերքելի փաստերի հետ՝ զանց առնելով նույն շրջանին վերաբերող այլ, մասնավորապես «պաշտոնական պատմագրության» խոտանը։

Գրախոսվող աշխատության գիտականության ու հավաստիության հաջորդ գրավականն այն է, որ ճշգրիտ են ընտրվել այն հիմքերը, որոնց վրա գոյացել են արցախյան հարցում մի կողմից՝ հակամարտության փոխզիջումներով կարգավորման, մյուս կողմից՝ «ստատուս-քվոն» պահպանելու հակադիր քաղաքական ուղեգծերը։

Խոսքը գաղափարական սկզբունքների մասին է. մի կողմից՝ հայդատականության/պահանջատիրության, մյուս կողմից՝ դրան հակոտնյա՝ իրատեսական քաղաքականության։

Առաջինը (ժամանակի ընթացքում բովանդակային փոփոխություններ կրելով հանդերձ) մեր պատմության մեջ գործնական քաղաքականության հիմքում դրվել է 1878 թվականից («Հայկական հարց», արեւմտահայերենով՝ «Հայ դատ») մինչեւ 1920 թվականը՝ ներառելով Առաջին հանրապետության շրջանը։

Երկրորդը՝ իրատեսական քաղաքականության սկզբունքը, գործնական քաղաքականության հիմքում էր Ղարաբաղյան շարժման տարիներից (ձեւակերպված եւ արձանագրված 1988-ի օգոստոսի 19-ին հրապարակված ՀՀՇ ծրագրում) մինչեւ 1998-ը՝ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ շուրջ մեկ տասնամյակ։

1998-ից հետո պետական քաղաքական կյանքի հիմքում կրկին դրվեց նույն հայդատականության/պահանջատիրության գաղափարախոսությունը։

Եվ սա ոչ միայն ղարաբաղյան հարցի, այլեւ ընդհանրապես հայոց այդ մեկուկես դարի պատմության (հասկանալի է՝ մի կողմ թողած խորհրդային շրջանը) իրադարձությունների հետազոտման օբյեկտիվորեն գոյություն ունեցող հիմքն է ու ելակետը։ Չտեսնել, արհամարհել կամ մտածված խույս տալ դրանից նշանակում է այս շրջանի որեւէ պատմագիտական ուսումնասիրություն ի սկզբանե դատապարտել գիտական առումով մեռելածին լինելու ճակատագրի, բայց եւ՝ ներկայի համար դարձնել վնասաբեր ու հանցավոր մի գործունեություն։ Հենց այդպիսին է մեր «պաշտոնական» պատմագրությունը, եւ դրան տրամագծորեն հակառակ մեկնակետով է կատարված գրախոսվող աշխատությունը։

Նժդեհ Հովսեփյանի հետազոտությունը, առանցքում ունենալով հիշյալ երկու գաղափարախոսությունների հակադրությունն ու պայքարը, ժամանակագրական առումով վերաբերում է Ղարաբաղյան առաջին պատերազմում 1994-ի հրադադարին հաջորդած շրջանին՝ հասնելով մինչեւ մեր օրերը։

Իմիջիայլոց, վերոհիշյալ գաղափարական պայքարն իր սուր դրսեւորումն է ունեցել նաեւ 1994-ին նախորդած տարիներին։ Բավական էր, որ 1988 թվականին հստակեցվեին Շարժման գաղափարական սկզբունքները ՀՀՇ ծրագրի տեսքով (հրապարակված նույն թվականի օգոստոսի 19-ին), ընդամենը մեկ ամիս հետո մինչ այդ լուռ, համաժողովրդական շարժմանը որեւէ կերպ չարձագանքած հայկական սփյուռքը (առանձին անհատների չհաշված), ի դեմս իր երեք հայդատական կուսակցությունների, հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ Ղարաբաղյան շարժման դեմ եւ հօգուտ կոմունիստական իշխանության։

Այդ տարիներին հայդատական հիմքի վրա էին ստեղծվում ու գործում Ղարաբաղյան շարժմանն ընդդիմադիր տասնյակ մանր կազմակերպությունները Հայաստանում, նույն հիմքի վրա էր ժամանակի «նոմենկլատուրային» մտավորականության ակտիվ գործունեությունը, անգամ իշխանության կրող Կոմկուսն ինչ-որ պահից անցավ քաղաքական այդ հարթակի վրա։

Գաղափարական այդ հիմքի վրա էր իրականացվում անկախության ուղեգծի դեմ դաժան պայքարը ընդհուպ 1991 թվականի սեպտեմբեր։ ՀՀՇ-ի իշխանության ամբողջ շրջանում նույն հիմքի վրա էր ողջ ընդդիմադիր դաշտը։

Պատերազմից հետո ընկած շրջանի համար, երբ արդեն հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը դարձավ առաջնային, Հովսեփյանն արձանագրում է ՀՀՇ-ի իշխանության դեմ հայդատականության պայքարի երկու կարեւոր ուղղությունները։

Ըստ այդմ՝

Ա) Արցախի հարցը ոչ թե ինքնորոշման իրավունքի խնդիր է, այլ Հայ դատի մի բաղկացուցիչ, եւ Հայաստանը պետք է հանդես գա որպես այդ տարածքի պահանջատեր։ Սրա հիմնական ջատագովը Դաշնակցությունն էր, համապատասխան դրույթը վկայակոչված է հենց նրա ծրագրից (էջ 108)։ Այս հիմքով էլ Դաշնակցությունը մեղադրում էր պաշտոնական իշխանությանը, որ Արցախի խնդիրը հետապնդում է որպես ինքնորոշման իրավունքի հարց, փոխանակ ճանաչի նրա անկախությունը (էջ 130)։

Ոչ մի նշանակություն չուներ, որ միջազգային օրենքները եւ միջազգային հանրությունը կտրականապես չէր ընդունում պահանջատիրություն երեւույթը (ում կողմից էլ դա լիներ), եւ հենց դա նկատի ունենալով՝ Ադրբեջանն էր ի սկզբանե աշխարհին փորձում համոզել, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի պահանջատիրական ձգտումների դրսեւորումներ են։

Ստացվում էր, որ Դաշնակցության «հույժ հայրենասիրական» թվացող այս դրույթը նաեւ Ադրբեջանի քարոզչության առանցքն էր միջազգային ասպարեզում՝ ընդդեմ Հայաստանի։

Բ) Նույն հայդատականության վրա էր հենվում «համաշխարհային ազգի» տեսությունը։ Ըստ այդմ՝ հայ ազգը սովորական ազգ չէ, այն ունի առաքելություն (վերեւից տրվա՞ծ), ու նրանից պետք է «համաշխարհային ազգ» կերտել այդ առաքելության իրականացման համար։ Սա էլ Վազգեն Մանուկյանի երկնած տեսությունն էր, ինչով նա հակադրվում էր հայ ժողովրդին սովորական ազգ համարող իշխանությանը (նույն տեղում)։

Այս հիմքով էլ Վազգեն Մանուկյանն էր մեղադրում իշխանությանը, որ վերջինս իր առջեւ համաշխարհային ազգ կերտելու ու դրան վայել մեծ խնդիրներ չի դնում Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ։

Հետազոտության «ծանրության կենտրոնը» 1998 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն է, դրա՝ որպես հետագա իրադարձությունների, գործընթացների ու դրանց իմաստավորման, մեկնաբանման հիմքի գիտակցումը եւ հիմնավորումը։

Այստեղ մանրամասն ներկայացվում են հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բերած փաստարկները հօգուտ ամենահարմար այդ պահին եւ հնարավոր լավագույն տարբերակով հակամարտության կարգավորման։ Մասնավորապես շեշտադրված են խնդրի շուրջ բանական բանավեճ ու քննարկում ծավալելու նրա ջանքերը։ Մյուս կողմից՝ ներկայացված են նրան հակադրված իշխանական մի թեւի (վարչապետ Ռ. Քոչարյան, ՊՆ նախարար Վազգեն Սարգսյան, ՆԳ եւ ԱԱԾ նախարար Ս. Սարգսյան) եւ Արցախի ղեկավարության, հայ մտավորականության մի շերտի հետեւողական խուսափումը բանական բանավեճից ու հարցի ըստ էության քննարկումից, դրա փոխարեն՝ վերջիններիս ապավինելը հայդատական «հայրենասիրական» կարգախոսների, անհեթեթ վերագրումների ու պիտակավորումների։ Փաստական նյութով ամբողջացված այդ պատկերի հանդիման հետեւությունը, որ անում, ու գնահատականը, որ տալիս է Նժդեհ Հովսեփյանը, ըստ էության, այլընտրանք չունի.

«Այն պահից սկսած, երբ հակամարտության կարգավորման շուրջ բանավեճը սահմանափակվեց հայրենասերդավաճան կաղապարով, ռացիոնալ խոսակցությունը տեղում ոչնչացավ» (էջ 117):

«Ռացիոնալ դիսկուրս չձեւավորվեց առաջին հերթին այն պատճառով, որ ստատուսքվոյի կողմնակիցները հաշվարկված քաղաքականության՝ ռազմավարական պլանավորման առաջարկներ, ըստ էության, չունեին» (էջ 119)։

Նույն իրադարձության հետ կապված հաջորդ շեշտադրումն այն է, որ դրանով հայկական պետությունը եւ քաղաքական կյանքը բոլորովին այլ հիմնադրույթների, տրամագծորեն հակառակ՝ հայդատականության ռելսերի վրա էր դրվում։ Հեղինակն այն բնութագրում է հետեւյալ կերպ.

«1998 թվականի փետրվարին Հայաստանում տեղի ունեցածը ո՛չ սովորական իշխանափոխություն էր, ո՛չ էլ պարզունակ պալատական հեղաշրջում։ Այն քաղաքականության վարման մեթոդաբանության ռադիկալ փոփոխություն էր, որի հիմքում դրվում էր փոքր պետության կողմից բազմաշերտ վարմունքի սկզբունքը։  …Հարցը ռազմավարական մտածողություն էր՝ ընդդեմ սիտուատիվ կարճատեսության, կազինոյին բնորոշ բլեֆը՝ հաշվարկված քաղաքականության եւ, վերջապես, վաղվանից բացի վաղը չէ մյուս օրվա մասին մտածելու կարողությունը՝ ընդդեմ պատեհության շահի» (էջ 102-103)։

Որքան էլ հեղինակը վերլուծությունը կատարում է մնալով ակադեմիականության շրջանակներում եւ ինչպես փոխզիջումներով խաղաղության հասնելու, այնպես էլ հաստատված «ստատուս-քվոն» անվերջ ձգելու ռազմավարությունները փորձում դիտարկել որպես երկու դեպքում էլ պետության ու պետականության շահերը ելակետ ունեցող քաղաքական համոզմունքներ, այնուամենայնիվ, ինչ-որ պահի, համադրված փաստերի տրամաբանության թելադրանքով, ստիպված է լինում հետեւյալ, առեւեւույթ ոչ ակադեմիական արձանագրումն անել՝ հռետորական հարցադրմամբ.

«Վերոհիշյալ 20-ամյակը (նկատի ունի Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանավարման տարիները – Ա.Ս.) աչքի ընկավ նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության ունեցվածքի տասնապատկմամբ, հարյուրապատկմամբ, գուցե նաեւ հազարապատկմամբ»։ Եվ վկայակոչելով իր այս արձանագրման հավաստի աղբյուրները՝ շարունակում է.

«Թերեւս այլ հետազոտության համապարփակ ուսումնասիրության թեմա կլիներ, թե արդյոք ստատուսքվոյի պահպանության կողմնակիցներն այդ քաղաքական նախընտրությամբ ոչ թե կամ ոչ այնքան իրացնում են Հայաստանի զարգացման սեփական տեսլականը, որքան իշխանություն ունենալու եւ դրա միջոցով տնտեսական շահույթներ ստանալու նեղ նպատակը» (էջ 125-126)։

Մենք ծանրացանք այն գիտական հիմքերի ու մեթոդաբանության վրա, որով իրականացվել է Նժդեհ Հովսեփյանի՝ մեր նորագույն պատմության առանցքային հարցին վերաբերող սույն աշխատանքը։ 1998 թվականից ի վեր նույն՝ հայդատականության/պահանջատիրության հաստատած «գաղափարական դիկտատուրայի» (հեղինակի բնորոշումն է) ու դրան հակադիր իրատեսական քաղաքական մտածողության հիմքով են քննված ու իմաստավորված ղարաբաղյան կարգավորման հարցում «ստատուս-քվոյի» հետ կապված հաջորդ իրադարձություններն ու դրանց ետնախորք ծառայած մեր պատմության վերջին, արդեն շուրջ 25-ամյա շրջանն իր ներքաղաքական ընթացքի կարեւոր հանգրվաններով. 2008-ի նախագահական ընտրություններ, 2016-ի ապրիլյան պատերազմ, 2017-ի եւ 2021-ի ընտրություններ, 2018-ի «հեղափոխություն», 2020-ի 44-օրյա պատերազմ եւ այլն։

Նույն հարթության վրա են քննված նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցով արտաքին աշխարհի հետ հարաբերություններն իրենց կարեւոր դրվագներով։ Ասենք միայն, որ հետազոտողի համոզիչ հիմնավորմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի հաջորդական ու գաղափարական հիմքով արյունակից իշխանությունների համար հայդատականությունը իրականում եղել է ոչ թե դրա ներառած հարցերի հետապնդման ուղեգիծ, այլ միայն ու միայն ներքին լսարանի հետ «աշխատելու» մի գործիք, ամբողջ 25 տարի նույն հիմքի վրա եւ նույն մեթոդներով իրականացվող իշխանավարման մեխանիզմ։

Այդ 25 տարվա մանրամասները թողնում ենք գիտություն ու գիտական տեքստեր հարգող, դրանից հաճույք ու բավականություն ստացող ընթերցողին։

Ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ արձանագրելու, որ առանց իրական, օբյեկտիվ պատմության վերհանման եւ այն հասարակական պատկերացումներում ամրապնդելու, պահպանվելու է հանուն իշխանության հասարակությանը մանիպուլացնելու (այս բառը հաճախ է օգտագործում գրախոսվող աշխատության հեղինակը) պարարտ հողը, չի երեւալու, չենք հասնելու ժամանակային այն սահմանագծին, որից այն կողմ ապահովված կլինենք նորանոր աղետներից ու արհավիրքներից։

Նժդեհ Հովսեփյանի «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում. պատմա-քաղաքագիտական հետազոտություն» գիրքը, որպես օբյեկտիվ պատմական իրականության ներկայացում, այդ ուղղությամբ արված կարեւոր քայլ է։

Աշոտ Սարգսյան
Պատմական գիտությունների թեկնածու

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըԻսրայելի արդարադատության նախարարությունը ցուցակ է հրապարակել
Հաջորդ հոդվածըSofaScore. Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում