‘Նիգերիա. «Բոկո Հարամի» գրոհայիններն առևանգել են 20 կանանց’

942

Նիգերիայի հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները առնվազն 20 կանանց են առևանգել նույն Բոռնո շրջանում, որտեղից ավելի վաղ առևանգել էին 200 աշակերտուհիների: Կանանց զենքի սպառնալիքով ստիպել են նստել բեռնատար մեքենաները և տարել են անհայտ ուղղությամբ: Նիգերիական բանակն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել կատարվածին:

Նահանգում արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ, և նիգերիական բանակն ավելի ու ավելի կոշտ քննադատության է ենթարկվում՝ երկրի հյուսիս-արևելքում իսլամիստների գործունեության դադարեցման անկարողության համար:

Տեղացիները պնդում են, որ բանակն անգործության է մատնված կամ էլ ուղղակի ներկա չէ՝ թույլ տալով «Բոկո Հարամի» ծայրահեղականներին շարունակել իրենց հարձակումները:

Ապրիլին ավելի քան 200 աշակերտուհիների առևանգումից հետո  թե՛ միջազգային և թե՛ տեղական հանրության կողմից իշխանություններին կոշտ պահանջներ են ներկայացվում՝ միջոցներ ձեռք առնել իսլամիստների նկատմամբ:

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը կառավարության դեմ պայքար է մղում 2009 թ. ի վեր՝ նպատակ ունենալով ստեղծել իսլամական պետություն: Նրանց գործողությունների զոհ է դարձել արդեն ավելի քան հազար հոգի: Ներքին տեղաշարժի  հսկողության կենտրոնի և Փախստականների գործերով նորվեգական խորհրդի նոր զեկույցի համաձայն՝ միայն այս տարի «Բոկո Հարամի» գրոհայինների կողմից սպանվել է 3300 մարդ: Երկուշաբթի օրը բանակը հայտարարեց, որ վերջին օրերին, հակաահաբեկչական գործողության արդյունքում, զոհվել է 50 գրոհային: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խեղճ ՀԾԿՀ-ն «ստիպված» է թանկացնում էլեկտրաէներգիան, «ճար» չունեն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկները կիրագործեն «Առաջին գծի» ծրագիրը’