‘
Նիկարագուայում, որտեղ սկսվել է միջօվկիանոսյան ջրանցքի շինարարությունը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ջրանցքի կառուցման հակառակորդների միջև: Ըստ Reuters-ի՝ վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:
Ազգային ոստիկանության ղեկավար Ամանտա Գրաներայի խոսքով՝ ոստիկանները ձեռնամուխ են եղել ցույցը ցրելուն՝ այն բանից հետո, երբ ցուցարարներն սպառնացել են այրել վառելիքով բեռնված ավտոցիստեռնը: Ըստ ոստիկանապետի՝ ցուցարարները գրոհել են ոստիկանների վրա և զինված են եղել հրազենով, մահակներով ու քարերով: Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փափուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել են 15 ոստիկան և 6 քաղաքացիական անձ: Ցույցի կազմակերպիչները նշում են նաև 40 վիրավորների մասին ցուցարարների շարքերում: Ըստ ТАСС-ի՝ ոստիկանությունը ձերբակալել է 87 ցուցարարների:
Դեկտեմբերի 22-ին մեկնարկել է նոր նավարկելի ջրանցքի շինարարությունը, որն իրար է կապելու Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Շինարարության արժեքը մոտավորապես 50 մլն դոլար է կազմում:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտով Նիկարագուան Ամերիկայում նախավերջին տեղում է՝ Հաիթիից առաջ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘