‘Նիկոլայ Բաղդասարյան. Դատավորի միակ գերխնդիրը ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելն է ‘

1465

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատավարությունը: Նիստի ժամանակ ցուցմունք են տվել վկաներից Ռասըմ Ասլանյանը եւ Հայկ Վարդանյանը, ովքեր դեպքից անմիջապես հետո մոտեցել էին վթարի ենթարկված ավտոմեքենաներին եւ օգնություն ցույց տվել տուժածներին: Պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ որպես վկա հրավիրվել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ովքեր իրականացրել էին հրշեջ-փրկարարական աշխատանքներ:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ վերջին վկան հաստատեց, որ դեպքի վայրի եւ երկու ավտոմեքենաների զննությունների կատարման փաստաթղթերի տակ ստորագրել են այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել քննչական գործողություններին:  «Եթե այդ ապացույցը դատարանի կողմից ճանաչվեր որպես անթույլատրելի, ապա միայն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իրենք այլընտրանք չէին ունենա, քան Վարդան Պետրոսյանի նկատմամբ արդար դատավճռի կայացումը»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնակով վթարից հետո իրականացված փողոցի մաքրման աշխատանքներին՝ փաստաբանը նշեց՝ խնդիրն այն է, որ Վարդան Պետրոսյանին մեղադրում են փողոցի բանուկ մասից դեպի կողնակ դուրս գալու համար, որի հիմքում դրել են քննիչի՝ հաջորդ օրը կատարած դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը կողնակում հայտնաբերել է պլաստմասե եւ ապակու բեկորներ: Մինչդեռ վկան ցուցմունք տվեց, որ իրենք երթեւեկելի մասը լվացել են, և դրա արդյունքում են այդ բեկորները  տեղափոխվել դեպի կողնակ, այլ ոչ թե վթարի: Փաստաբանի խոսքով՝ սա կրկին բավական էր գործը կարճելու համար:

«Ես համոզված եմ, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա հայելիները չեն եղել, քանի որ եթե դրանք լինեին, ապա երկու անգամ իրականացված զննության ժամանակ հայելիները կհայտնաբերեին: Ես դիմում  եմ գրել՝ խնդրելով, որ քննիչի հետ գնանք այդ մեքենաները զննելու, իմ դիմումը մերժել են՝ ասելով՝ ձեր մասնակցությամբ չենք զննի: Իսկ ահա անցնում է մեկ ամիս, երրորդ անգամ են զննում եւ գտնում կողային մեկ հայելի, իսկ հետո անցնում է եւս մեկ ամիս՝ մի հատ էլ են զննում, պաշտպան Ռուբեն Բալոյանը ասում է՝ ձեռքս տարա երկրորդ հայելին հանեցի այն տեղում, որտեղ լուսանկարներից երեւում էր, որ հայելի չի եղել: Այս ամենը փաստում է, որ հայելի իրականում չի եղել: Առաջին վկան ասաց, որ հայելին ոտքով կանգելով են խփել, իսկ մյուսը՝ ծռելով: Վկաներից մեկը հանդիսանում է նրանց համաքաղաքացին, եւ ես նորից ուզում եմ կրկնել, որ հայելիները ավտովթարի պատճառ չեն հանդիսացել»,- հավելեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:

Խոսելով դատավոր Վաղինակ Մկրտչյանի պահվածքի մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանը այն որակեց որպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր առաջին ատյանի դատարանի դատավորի պահվածք: «Նա, ցավոք սրտի, ոչ մի որոշում չի կարողանում ինքնուրույն կայացնել, իսկ եթե կարողանար, ապա, անշուշտ, քրեական գործ կհարուցեր տուժողների կողմից սպառնալիքներ հնչեցնելու եւ վիրավորելու համար: Իր միակ գերխնդիրն այն է, որ խոչընդոտի ճշմարտության բացահայտմանը»,- ասաց նա:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե որոնք են այն հիմնական փաստերը, որոնք հիմք կհանդիսանային գործը կարճելու համար, փաստաբանը պատասխանեց, որ ինքը ներկայացրել է մեկ փաստ՝ լուսանկար, որից պարզ երեւում են «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի կողասահքի հետքերը: «Ներկայացրել եմ մի փաստ եւս, որ քննիչը այդ հետքերը չի արձանագրել, ինչը հենց միայն բավարար է գործը կարճելու համար: Հետքը ցույց է տալիս, որ իրենք կողասահքով շարժվել են, հետեւաբար՝ առջեւի մասը երբեք չի գտնվել այն հատվածում, որտեղ որ քննիչը ցույց է տվել վթարի վայրում: Ի դեպ՝ քննիչը ցույց է տվել վթարի վայրն այն ժամանակ, երբ լվալուց հետո բոլոր բեկորները լցվել են կողնակի վրա»,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 50 զոհ՝ Թայվանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել Դավիդ Նարմանիան’