Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը Էդինբուրգում շտապ գումարված մամուլի ասուլիսում հայտնել է իր հրաժարականի մասին։
Հայտարարելով առաջին նախարարի պաշտոնից իր հեռանալու մասին՝ Սթերջենն ասել է, որ այդ պաշտոնը «աշխարհում ամենալավ աշխատանքն է», որ ինքը կատարել է «ծանրագույն ժամերի ու ծանրագույն օրերի ընթացքում», բայց նաև հավելել է, որ չափազանց կարևոր է «գրեթե բնազդաբար զգալ՝ երբ է եկել մեկ ուրիշին ճանապարհը զիջելու ժամանակը»։
«Արդյոք ճի՞շտ կլինի, որ ես շարունակեմ։ Եվ ինչն ավելի կարևոր է՝ դա ճի՞շտ կլինի երկրի, իմ կուսակցության և անկախության գործի համար, ինչին նվիրել եմ կյանքս,- ասել է Սթերջենը և ինքն էլ պատասխանել այդ հարցերին։- Ո՛չ»։
Սթերջենի խոսքով՝ ինքն առաջվա պես այն կարծիքին է, որ Շոտլանդիայում հերթական ընտրությունները, ըստ էության, կարելի է համարել հանրաքվե երկրի անկախության վերաբերյալ։ Նա նաև ասել է, որ ժառանգորդի հարցը պետք է որոշի Շոտլանդական ազգային կուսակցության ազգային գործադիր հանձնաժողովը, որը կսահմանի նոր առաջնորդի ընտրության ժամանակացույցը։
«Ես համոզված եմ, որ իմ ժառանգորդը Շոտլանդիան կտանի անկախության»,- հայտարարել է Սթերջենը։
Նիկոլա Սթերջենն արդեն տասը տարի կենտրոնական դիրք է զբաղեցնում Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ։ 2014 թ․ իշխանության գալուց հետո նա դարձել է հանուն անկախության շարժման խորհրդանիշը։
Փոխանցում է BBC-ն։