‘Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին. Ընտրությունները կեղծել եք անձամբ Դուք’

1289

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը ներկայացնում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 Թեժ ընթացավ հատկապես Նիկոլ Փաշինյան և Տիգրան Մուկուչյան հարցուպատասխանը:

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում մեղադրեց Տիգրան Մուկուչյանին, որ վերջինը, լինելով ԿԸՀ նախագահ, պատշաճ ուշադրություն չի դարձրել մամուլի հրապարակումներին, տպագրած դիմում-բողոքներին և անձամբ է կեղծել խորհրդարանական ընտրությունները, մեկ ամիս առաջ անցկացված նախագահական ընտրությունները և կեղծելու է նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

«Նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել այդ մակարդակին և նույն ոճով խոսել, երևի դա է ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել: Բայց ես գիտակցում եմ, որ գտնվում եմ ՀՀ խորհրդարանում և կփորձեմ առավելագույնս պարկեշտ պատասխանել այն հարցերին, որ ձեր կողմից բարձրացվեցին»,- Տիգրան Մուկուչյանի խոսքերն է մեջբերում hetq.am-ը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ իրենք բազմիցս կոչ են արել խախտումների վերաբերյալ ներկայացնել ապացույցներ, փաստեր, սակայն չեն ներկայացվել: Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ ուշադրություն են դարձվել մամուլի հրապարակումներին և հրապարակված այլ տեղեկությունների ևս: Տիգրան Մուկուչյանի ասելով՝ Սահմանադրական դատարանն իր որոշումներով անդրադարձել է նաև պատգամավորի բարձրացրած խնդիրներին:

«Եթե ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, բայց ձեր դաստիարակությունը հերիքում է, որ Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդին և հասարակությանը ստեք և սուտ փաստեր ներկայացնեք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ասում եք՝ դիմումներ ներկայացրեք: Բա հաշվետվության մեջ ինչի՞ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրանցված է եղել ՀՀ քաղաքացի չհանդիսացող 100-ից ավելի մարդ: Իսկ Սահմանադրական դատարանը դեռ պետք է իր հարգանքը վաստակի»:

Պատգամավորը նշեց, որ իր ամեն խոսքը պատրաստ է ապացուցել, և ԿԸՀ-ի նախագահին հրավիրեց բանավեճի, որպեսզի ապացուցի իր ամեն բառի ճշտությունը և Տիգրան Մուկուչյանի ասածների կեղծ և ստահոդ լինելը:

Տիգրան Մուկուչյանն էլ պատասխանեց, թե առիթ եղել է ծանոթանալ պատգամավորի նշած և ներկայացված ապացույցներին, նենգափոխված փաստերին և այլն:

«Այս պարագայում ավելորդ հիմնավորումներ ներկայացնելը, որը կարծում եմ՝ ձեր մոտ կփոխի կարծրատիպ դարձած տեսակետը կամ կարծիքը, թերևս հակված չեմ այդպես կարծելուն: Ինչ վերաբերում է մեր հաղորդագրությանը՝ կապված խորհրդարանական ընտրության հետ, այո, ևս մեկ անգամ ԿԸՀ անունից նշում եմ, որ 2012թ. մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն իրականացվել են ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահանմամբ»,- եզրափակեց Տ. Մուկուչյանը:

Քանի որ խոսափողն անջատելուց հետո ևս Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Տիգրան Մուկուչյանին բանավեճի հրավիրել, խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 «Դարձել եք միահեծան ղեկավար այս երկրում: Ի՞նչ է պատահել: Էս ի՞նչ ես ուզում անես. չեմ հասկանում»,- Նիկոլ Փաշինյանին ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Արշավինը արժանի չէ նույնիսկ զուգարան մաքրելուն. The Guardian’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’