‘Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ «Հայկական ժամանակի» մեծ խառնակչության’

7862

Կասկած չկար, որ առաջիկա գարնանային հնարավոր քաղաքական ակտիվացումները խոչընդոտելու աշխատանքների համատեքստում (ինչպես միշտ եղել է նման դեպքերում՝ 2007-ից ի վեր) կազմակերպված քարոզչական հարձակումներ էին լինելու ընդդիմության առաջնորդների վրա։ Այս անգամ այդ հարձակումների առաջամարտիկը դարձավ «Հայկական ժամանակը»։

Նման հարձակումներին արձագանքելու նախապատրաստություն-ների շրջանակներում՝ «Իլուրի» վերլուծական բաժինը մամուլից դուրս էր հանել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին վերջին տարիներին գրված նյութերը ու մի փոքր վիճակագրություն արել։ Պարզվեց, որ դրական, գովասանական նյութերի քանակի «նոմինացիայում», ըստ հեղինակների, առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ հինգ տասնյակից ավելի հոդվածներով, որոնք կամ ամբողջությամբ, կամ էական մասով վերաբերում են Լ. Տեր-Պետրոսյանին։ Ավելին՝ Ն. Փաշինյանը անհասանելի է նաև մեկ այլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի արժևորման, փառաբանման, գնահատականի բարձրագույն աստիճանի «նոմինացիայում»։ Ընդ որում՝ նրա անվերապահ գնահատականներն ու անկեղծ հիացմունքը վերաբերում են թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի գործունեությանը ՝ 2007 թվականից հետո, թե՛ նրա դերակատարությանը՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, թե՛ նրա իշխանության տարիներին՝ որպես Հանրապետության նախագահ (1988-1998թթ.)։

Նկատի ունեալով, որ սա նախահանրահավաքային շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ «ՀԺ»-ով արդեն իսկ սկսված մեծ խառնակչության միայն սկիզբն է, և «ազատ ու անկախ» մամուլի այլ միջոցներ էլ դեռ ներգրավվելու են այդ քարոզարշավում,  դրան հակազդումը դառնում է ակտուալ։ Իսկ հակազդման համար լավագույն նյութը տրամադրում են Փաշինյանի հիշյալ հոդվածները։ «Իլուրը» ստորև ներկայացնում է դրանցից քաղվածքների մի փոքր մաս՝ մյուս մասերը թողնելով հրապարակելու ըստ պատրաստության և խնդրի ակտուալության տևողության։

Խմբագրական (9 մայիսի, 2008թ.)

«Տեր-Պետրոսյանի ելույթում շատ դժվար, եթե չասենք` անհնար է գտնել որևէ մարտավարական փոփոխություն։ Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է։ Եւ ընդհանրապես, մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլև պետության հիմնադիր և հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաև Ղարաբաղի հաղթանակը։ Բայց իր քաղաքական վերադարձի իմաստն այն է, որ նա, ինչպես և գործնականում՝ ողջ ժողովուրդը, համոզված են, որ առանց քոչարյանասերժական վարչախմբի հեռացման՝ Հայաստանը չունի ապագա։ Ահա, այս իմաստով էլ Տեր-Պետրոսյանի ելույթը շատ ավելի ընդգրկուն էր, քան նախկինում։ Եթե միացյալ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ ասում էին, որ ստեղծված իրավիճակի ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ մյուսը մասը կարծում էր, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ, Տեր-Պետրոսյանը որպես ընդդիմության գործունեության խնդիր ձևակերպեց թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը»։

Ռուսամե՞տ է արդյոք Տեր-Պետրոսյանը (Սեպտեմբեր 3, 2008թ.)

«Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արևմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց և հասկացավ. հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որևէ իմաստից և նպատակից։ Արդյունքում` հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հիմա այդ հարգանքը կորսված է ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Եւ դա` կոմպլեմենտար կոչված քաղաքականության արդյունքում»։

 

Մարտավարությունը` պայքար մինչև վերջ (Փետրվար 27, 2009թ.)

«Հիտլերյան ոճի այս հարձակումը, սակայն, չտվեց իշխանության համար ցանկալի արդյունք. ընդդիմությունը շարունակում էր ոտքի վրա լինել։ Չնայած` դրա դեմ գործում էր պետական ողջ զինուժը և կրիմինալ օլիգարխիայի ողջ զինուժը։ Բայցևայնպես` ընդդիմությունը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին ստիպել, որ նա ստորագրի ինքնախոստովանական ցուցմունքը` պետական իշխանությունը յուրացնելու, ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին։ Դա արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն էր։ Այս հրամանագրի ստորագրումից հետո ընդդիմությունը ուներ միայն մեկ խնդիր` պայքարը շարունակելու քաղաքական, բարոյական, իրավական և մարդկային նախադրյալներ ստեղծել, որովհետև կանոնավոր բանակի դեմ պատերազմելու որոշումը կնշանակեր գնալ գիտակցված ջախջախման և դիմադրության իսպառ ոչնչացման։ Եւ այն, որ արտակարգ դրություն հայտարարելուց մեկ տարի անց Համաժողովրդական շարժումը գոյություն ունի, գոյություն ունի որպես միակ ընդդիմություն, որպես իշխանության ռեալ այլընտրանք, որպես Հայ ազգային կոնգրես` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հզոր հաջողությունն է։ Եւ ռազմավարական խնդիրը, մեծ հաշվով, այսօր էլ նույնն է. ապահովել պայքարի շարունակականությունը, շարունակականությունը` մինչև հաղթանակ։ Սերժանտական իշխանությունը կիսասատկած վիճակում է, մարտի 1-ը մնացել է նրա կոկորդին ու ավելի ու ավելի է խրվելու նրա կոկորդի մեջ»։

Ի՞նչ է փոխել Տեր-Պետրոսյանի ելույթը (Մարտ 12, 2009թ.)

«Մենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական և քաղաքական գործիչ է, այլև միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր։ Եւ ի դեպ, տարընթերցումներից խուսափելու համար ասեմ, որ գիտության դոկտորի կոչումը նա վաստակել է դեռ Խորհրդային Միությունում և իր իշխանության տարիներին արդեն ունեցած գիտական կոչմանը ոչինչ չի ավելացրել։

… Խոսում էի Լևոն Տեր-Պետրոսյանի` գիտնական լինելու մասին ու այս խոսակցությունը վարում եմ մարտի 1-ին նրա ունեցած ելույթի, ավելի ճիշտ` դրան հաջորդած մի շարք մեկնաբանությունների կապակցությամբ, որ արվեցին հեղափոխություն, ապստամբություն եզրերին առաջին նախագահի կատարած անդրադարձի բերումով։ Իսկ այդ անդրադարձը նրա գիտնական լինելու հետ ուղիղ կապ ունի, որովհետև Տեր-Պետրոսյանը սիրում է ճշգրտությունը, այսինքն` բառերը, մանավանդ` պատմագիտության մեջ արծարծվող բառերը, օգտագործել և ընկալել իրենց ճշգրիտ իմաստով»։

Պրացես պաշոլ (18 մարտի, 2009թ.)

«Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը հեշտ չէ մեկնաբանել։ Ոչ այն պատճառով, որ մեկնաբանելու բան չկա. ընդհակառակը` այդ որոշումն այնքան բազմաշերտ է, որ դժվար է այդ շերտերից որևէ մեկին նախապատվություն տալ։ Այսուհանդերձ, տվյալ պահին առավել կարևոր է թվում արձանագրումը, որ այս քայլով առաջին նախագահը ցույց տվեց, որ առաջվա նման պահպանում է քաղաքական պայքարի առաջամարտիկի երիտասարդական ավյունը։ Այն, որ նման ընդունակություն կարող էր ունենալ 1988-ի Տեր-Պետրոսյանը, հասկանալի է։ Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս։ Արդյո՞ք անսպասելի էր Տեր-Պետրոսյանի այս որոշումը։ Մեծ հաշվով` ոչ։ Սա մի իրադարձություն էր, որի տեղի ունենալու հույսը թաքնված էր Հայ ազգային կոնգրեսի շատ համախոհների մտքերում, պարզապես այդ մասին խոսում էին սուրճի սեղանների շուրջ, բայց ոչ` հրապարակայնորեն։ Սրա պատճառն այն էր, որ շատերը վստահ չէին, որ Հայաստանի հիմնադիր-նախագահը իր համար պատշաճ կհամարի պայքարը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Տեր-Պետրոսյանը, սակայն, գնաց նման քայլի և դա արեց ոչ թե պատշաճությունը կամ ոչ պատշաճությունը հաշվի առնելով, այլ, որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, հաշվարկելով, որ Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունը ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու ամենաուղիղ ճանապարհն է»։

Ընդդիմությունը մի հատ ա (24 մարտի, 2009թ

«Քաղաքապետի ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, հարկ է ամբողջովին ըմբռնել, թե ինչ է նշանակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մայիսի 31-ի հաղթանակը։ Երբ Տեր-Պետրոսյանը հայտնվի Երևանի քաղաքապետի պաշտոնում, պետական բուրգի ներսում, ի դեմս նրա, հայտնվելու է մի մարդ, ով իր անհատական քաշով, լեգիտիմության աստիճանով, միջազգային հեղինակությամբ ծանր է լինելու այդ բուրգում գործող ցանկացած ուրիշ մեկից։ Եւ եթե հաշվի ենք առնում, որ այդ մարդու տնօրինության տակ են հայտնվելու բյուջետային ահռելի միջոցներ, որ այդ մարդը հայտնվելու է հանրապետության բնակչության կեսի բնակության վայրի ղեկին, հասկանալի է դառնում, որ քաղաքապետի կարգավիճակում նա դառնալու է պետական կյանքի առանցքը։ Այնպես որ` բոլոր այն խոսակցությունները, թե ընտրվելուց հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվելու է Երևանի քաղաքապետի պաշտոնից, անհեթեթ են։ Հրաժարվելը` հրաժարվելու է, բայց միայն նախագահի նստավայր տեղափոխվելուց հետո, իսկ մինչ այդ` Երևանի քաղաքապետի պաշտոնը օդ ու ջրի նման նրան հարկավոր է` պրոցեսները 88-ի` իր սիրած սցենարով տանելու համար»։

Երազներ` քնած և արթմնի (7 նոյեմբերի, 2009թ.)

«Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, և նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները բաց են, Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’
Հաջորդ հոդվածը‘Երեկ զոհված Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով’