‘Նիկոլ Փաշինյան. Առաջին անգամը չէ, որ Տեր-Պետրոսյանը լռության պաուզա է վերցնում ‘

1151

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությանը ծանոթ եք, առաջին անգամը չէ, որ նա լռության պաուզա է վերցրել: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով iLur.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչով է բացատրում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, այս մասին ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

«Որևէ մեկը չի կարող ասել, թե Տեր-Պետրոսյանն էսինչ հայտարարությունը պետք է անի էսինչ թվի, էսինչ ամսվա, էսինչ օրվա, էսինչ ժամին», — ասաց նա: 

Լրագրողների այն հարցին, թե իր՝ նախկինում արած հայտարարությունների համատեքստում տեղավորվո՞ւմ է «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը, Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերի վերաբերյալ հստակ արտահայտվել է, իր գնահատականներում որևէ բան չի փոխվել, ու իր արած բոլոր հայտարարություններն ուժի մեջ են: 

«ՀԱԿ-ը արտահայտել է իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Իմ պատկերացմամբ՝ ՀԱԿ-ում նախագահի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերն ուղղված են ուրիշներին»: 

Կրկին անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին՝ Փաշինյանն ասաց. 

«Հանրապետական կուսակցության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդարան է բերել օրենքի նախագիծ կրթության և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Ես և մեր խմբակցությունը կողմ ենք քվեարկել. դա համագործակցությո՞ւն է, թե՞ համագործակցություն չէ: Քվեարկության է դրվել, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը: Ես և մեր խմբակցությունը կողմ ենք քվեարկել. դա համագործակցությո՞ւն է, թե՞ համագործակցություն չէ: Այն, որ երկու մարդիկ միևնույն երկրի քաղաքացի են՝ շատ ցինիկ լինելու դեպքում կարելի է դա որպես համագործակցության ձև որակել»:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. ԱԳՆ մտահոգությունը պետք է լինի այն, որ այլ երկրներում Հայաստանը էկզոտիկ երկիր չհամարեն ‘
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան’