‘Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը տնօրինում է ոչ թե նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի’

726

Ուզում եմ տեղյակ պահել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների շահագործումը նույնպես քաղաքաշինական ծրագիր է, և այս դեպքում այս ծրագրի իրականացման ժամանակ պետք է հանրությունը լիարժեք մասնակցություն ունենար: Ինչպես հայտնում է iLur.am-ը, այսօր Ազգային ժողովում դիմելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա գրավոր հարցում էր ուղարկել Թովմասյանին ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ՝ պարզելու համար, թե ինչպես են տեղի ունենում այդ շենքերի վաճառքները:

«Պատասխանում նշված է, որ հանրային քննարկումների կարգ նախատեսված չէ: Համաձայն օրենքի՝ ձեր կառավարությունը պետք է այդ կարգը հաստատեր, եթե հաստատված չէ, նշանակում է կառավարությունը լավ չի աշխատել: Նշված էր, որ մամուլի հրապարակումները նշանակում են, որ հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին: Պետական գույքի կառավարման վարչությունը մարտի 27-ին հերքել է կառավարության տվյալ մասնաշենքը վաճառելու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները»,- ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարարը պատասխանեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ շարժվեն, ապա Հայաստանի Հանրապետությունում գրանցվող անաշարժ գույքի առքուվաճառքի ծրագրերը պետք է ընդունել որպես քաղաքաշինական ծրագրեր ու այդ բոլորը հասարակական լսումներով իրականացնել:

«Կառավարությունը տնօրինում է պետական սեփականությունը՝ հիմք ընդունելով, թե որքանով է շահավետ գույքի տնօրինման այս կամ այն ձևը: Վաճառքի որոշումը կառավարության որոշմամբ է եղել, որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- պատասխանեց Թովմասյանը:

Սրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, թե խոսքը Հանրապետության հրապարակի շենքի մասին է, կառավարությունը տնօրինում է ոչ թե նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի:

«Քանի որ պետական գույքի կառավարման վարչության պետը հայտարարել է, որ ցանկացած շենք ենթակա է վաճառքի, կառուցողական առաջարկ եմ անում: Թող կառավարությունը նախագահական նստավայրի, ԱԺ-ի, կառավարության, մարզպետարանների շենքերի վրա մեծ ցուցանակներով կախի այդ շենքերի գները»,- ասաց Փաշինյանը:

Հրայր Թովմասյանը հակադարձեց, թե «ժողովրդի սեփականություն» կատեգորիա քաղաքացիական օրենսգրքում չկա:

Նախորդ հոդվածը‘Ֆոգ Ռասմուսենը համագործակցության կոչ է արել Սաակաշվիլիին և Իվանիշվիլիին’
Հաջորդ հոդվածը‘Այս հոլովակի համար է Հիմնադրամը վճարել 17 հազար ԱՄՆ դոլար (տեսանյութ)’