‘Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը փորձել է վիրտուալ հաջողությունների շարադրանք ստեղծագործել’

1089

ԱԺ-ում շարունակվում են 2011 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները, ներկա է 71 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որը ilur.am-ը ներկայացնում է ստորև.

«2011 թվականի բյուջեի կատարողականը ընթերցելիս մի հին անեկտոդ հիշեցի: Մի մարդ Երեւանի Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած` ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում եւ տարօրինակ ձայներ հանում: Ոստիկանը մոտենում է նրան եւ հետաքրքրվում, թե ինչ է անում: «Կոկորդիլոսներին եմ քշում», — անվրդով պատասխանում է մարդը: «Բայց ո՞ւր ա ստեղ կոկորդիլոս»,- հետաքրքրվում է ոստիկանը: «Է, քշում եմ, դրա համար էլ չկան»,- պատասխանում է մարդը:
2011 թվականի բյուջեի կատարողականի «Բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովում» բաժնում բառացիորեն գրված է. «2011 թվականին (Հայաստանում) չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, սուր պոլիոմելիտը, կարմրախտը, մալարիան, կատաղությունը, սիբիրյան խոցը, խոլերան, լեպտոսպիրոզը, ռիկետցիոզները (այդ թվում բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն: Հասկանում եք, իհարկե, որ այս դարակազմիկ հաջողությունը Հայաստանն արձանագրել է կառավարության դրամատիկ ջանքերի եւ քրտնաթոր աշխատանքի արդյունքում: Բայց արձանագրենք՝ վերը նշված հիվանդությունների զգալի մասը հատուկ է հիմնականում երրորդ աշխարհի երկրներին, եւ կառավարությունը հպարտանում է, որ Հայաստանում խոլերայի կամ բծավոր տիֆի համաճարակ չի եղել, եւ ուրեմն, ժողովրդից շնորհակալություն է ակնկալում դրա համար:
Այս դրվագը, ըստ էության, ամբողջական պատկերացում է տալիս Ազգային ժողով ներկայացված բյուջեի կատարողականի մասին: Կատարողականն, ի դեպ, սովորաբար պետք է լինի երկրի լրջագույն ֆինանսատնտեսական փաստաթղթերից մեկը, որտեղ հաշվետու ժամանակաշրջանի մանրամասն վերլուծության արդյունքում պետք է ձեւավորվի առաջիկա տարիների ֆինանսատնտեսական օրակարգը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն, ոչ թե վերլուծության է ենթարկել երկրում առկա վիճակը, այլ փորձել է վիրտուալ հաջողությունների ինչ-որ շարադրանք ստեղծագործել: Այս փաստաթղթի հեղինակները նման են մի բժշկի, ով հետազոտելով շարունակական արնահոսության մեջ գտնվող հիվանդին, նրա վիճակում հետեւյալ դրական տեղաշարժերն է արձանագրում. հիվանդի եղունգները աճում են նորմալ, գլխին ոջիլ չկա, մազերը լավ հարդարված են, ցավող ատամ չունի: Այս տվյալները գուցե եւ ճիշտ են, բայց, պարոնայք, չեն արտահայտում հիվանդի օբյեկտիվ վիճակը, առավելեւս՝ ոչնչով չեն նպաստում նրա բուժմանը: Իսկ որ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, ըստ էության՝ չի կասկածում ոչ ոք:
2011 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը կարդալիս հասկանում ես, որ կառավարությունը, այս կառավարությունը, գործող կառավարությունը ոչնչով չի կարող օգնել հիվանդ տնտեսությանը:
Եւս մեկ օրինակ կատարողականից. այդ փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Մեղրիի հէկ-ի շինարարությունը, որ հայ-իրանական համատեղ նախագիծ է, սկսվելու է ոչ ուշ, քան 2012թ. հունիսի 15-ին: Էսօր 2012թ. հոկտեմբերի 4-ն է, եւ Մեղրիի հէկ-ի շինարարությունը չի սկսվել: Կառավարության ներկայացուցիչները մի քանի երկչոտ պարզաբանումներ են տվել, թե շինարարության մեկնարկը չի կայացել Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով: Սա առավել քան զավեշտական հիմնավորում է, եւ ասեմ թե ինչու: Բյուջեի կատարողականը, որ այսօր քննարկում ենք, եւ որտեղ գրված է, որ ամենաուշը հունիսի 15-ին սկսվելու է Մեղրիի հէկ-ի շինարարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողով է ուղարկել սույն թվականի ապրիլի 28-ին, այսինքն, Մեղրիի հէկ-ի շինարարության ենթադրվող մեկնարկից մեկուկես ամիս առաջ:
Մենք ի՞նչ ենք պահանջում մի կառավարությունից, որն ի զորու չէ մեկուկես ամսվա կտրվածքով կանխատեսել զարգացումները մի թեմայի վերաբերյալ, որ արդեն մի քանի տարի համաշխարհային լրատվական թողարկումների հետաքրքրության կենտրոնում է, եւ թեմային առնչվող տասնյակ լուրեր են հայտնվում ամեն օր՝ Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների, պատժամիջոցների, արգելանքների մասին: 2012 թվականի ապրիլին լրատվությանը հետեւող դպրոցականը նույնիսկ կկանխատեսեր, որ հայ-իրանական՝ Մեղրիի հէկ-ի շինարարությունը չի կարող հունիսի 15-ին սկսվել: Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը ոչ միայն չի կանխատեսել, այլեւ գրել է, ստորագրել եւ ուղարկել Ազգային ժողով:
Եւ ի դեպ, 2011թ. բյուջեի կատարողականի համատեքստում չեմ կարող չհամաձայնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի՝ այս ամբիոնից հնչեցրած կարծիքի հետ, որ սա տապալված կառավարություն է: Այդ կառավարությունը, սակայն, վերջին երեք-չորս ամիսներին չէ, որ տապալվել է: Այն տապալվել եւ տապալել է Հայաստանի տնտեսությունը՝ հինգ տարի շարունակ, եւ այդ ողջ ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառավարական տապալումները սպասարկող անխոնջ մարտիկ է եղել՝ դրա հենարանը հանդիսանալով կոալիցիայում: Սա՝ իմիջիայլոց:
Հիմա ուզում եմ անդրադառնալ բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում ի հայտ եկած ամենակարեւոր նորությանը:
Մենք բոլորս տեսանք, թե կառավարության եւ նրա հենարան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ինչպիսի էմոցիոնալ հակազդեցությամբ հանդես եկան Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ:
Ի հեճուկս դրա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարարության մասով բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մի հրեշավոր փաստ ի հայտ եկավ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իմ հարցին ի պատասխան՝ ասաց, թե 2011 թվականի ընթացքում Հունգարիայում ՀՀ դեսպանի գործունեության համար գումարներ չեն ծախսվել: Սա նշանակում է, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանը, դե ֆակտո, Հունգարիայում դեսպան չի ունեցել: Բայց սա դեռ ամբողջը չէ. 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ Ռամիլ Սաֆարովին ազատելու պահը Հայաստանը Հունգարիայում դեսպան չի ունեցել նաեւ դե յուրե, որովհետեւ գործող դեսպանը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի, առանց Հունգարիայում հավատարմագրված նոր դեսպան ունենալու:
Եթե համադրում ենք այս տվյալները, ստացվում է, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ազատ արձակելու հարցով ինտենսիվ բանակցությունները վարվել են, եւ որոշում կայացվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հարկ չի համարել դեսպան ունենալ Հունգարիայում: Այսինքն, Հայաստանը Հունգարիային եւ Ադրբեջանին միայնակ է թողել իրենց հարաբերություններում, եւ, մասնավորապես, Սաֆարովի հարցով բանակցություններում: Սա հրեշավոր իրողություն է, եւ այս իրողության ֆոնին անհեթեթ են հնչում իշխանության ներկայացուցիչների խրոխտ, հայրենասիրական ճառերը:
Իրականում, պարոնայք, տեղի ունեցածի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, դուք պարզապես չեք կատարել ձեր աշխատանքը, եւ հետեւանքն ակնհայտ է: Այդ աշխատանքը չեք արել անփութորեն, թե չարամտորեն՝ սա արդեն ուրիշ հարց է: Բայց որ չեք կատարել, հիմա արդեն հաստատված, ապացուցված փաստ է: Հայտնի են նույնիսկ այս ձախողման մեղավորները: Բացեք ՀՀ Սահմանադրությունը. հոդված 55-ում նշվում է, որ Հանրապետության նախագահն իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Եթե Սերժ Սարգսյանը իրեն հռչակել է Հանրապետության նախագահ, ուրեմն հենց ինքն է տեղի ունեցածի առաջին մեղավորն ու պատասխանատուն, որովհետեւ հենց նա է նշանակում եւ ազատում դեսպաններին: Չմոռանանք իհարկե, «Մերսեդեսների» աննկուն երկրպագու, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանին: Ժողովուրդը կասեր՝ էդ ինչիդ վրա ես էդպես մերսեդեսավորվել, պարոն Նալբանդյան:
Ի դեպ, «Մերսեդեսի» մասին. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պարզվեց, որ Էդվարդ Նալբանդյանի «Մերսեդեսը» նրան նվիրել է «մի ինչ-որ գերմանացի»: Սա ԱԳ նախարարության ներկայացուցչի, ըստ էության՝ պաշտոնական պատասխանն է: Համենայնդեպս, միակ պատասխանը, որ ստացել եմ համապատասխան հանձնաժողովի նիստում եւ դրանից հետո:
Եթե գերմանացի, ուրեմն հիշեցնեմ, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը 2012-ի փետրվարին հրաժարական տվեց միայն այն բանի համար, որ գերմանական բանկից մի փոքր արտոնյալ պայմաններով վարկ էր ստացել: Բայց մերն ուրիշ է: Մեր նախկին արտգործնախարարը առանց աչք ճպպելու երկու միլիոն դոլար է ստանում մի ինչ-որ ամերիկյան մագնատից, իսկ ՀՀ ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը մի ինչ-որ գերմանացուց նվեր է ստացել մի քանի տասնյակ, գուցե եւ հարյուր հազար դոլար հնարավոր արժեք ունեցող «Մերսեդես»:
Պարոնայք կառավարության անդամներ, պարոնայք խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ: Երեկ փողոցում խորհրդարանական իրադարձություններին մամուլով հետեւած մի քաղաքացի մոտեցել է ինձ ու հարցնում է: Ասում է, պարոն պատգամավոր, ի՞նչ ես կարծում, կարող ա՞ էդ Նալբանդյանի «Մերսեդեսը» նվիրած գերմանացին է ասել, որ էնպես անեն, որ 2011թ. հոկտեմբերից մինչեւ օգոստոս Հայաստանը Հունգարիայում դեսպան չունենա: Չէ՞ որ, ինչպես մեր իշխանավորները պնդում են, Սաֆարովի գործարքում երեք միլիարդ դոլար է շրջանառվել: Երեք միլիարդ դոլարով կարելի է Էդվարդ Նալբանդյանի «Մերդեսեսից» մի տասը հազար հատ առնել, երբեմն նույնիսկ ներսի պարունակությամբ: Ես այդ քաղաքացուն չպատասխանեցի, որովհետեւ ինձ թվաց՝ հարցը հռետորական է»:

Նախորդ հոդվածը‘Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը չի կայացել’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյան. Միայն իրենց պապն է հայ եղել…’