‘Նիկոսիայում նշվեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը ‘

881

Սեպտեմբերի 13-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն: Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասաց, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, և ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա և աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:

Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և և փոխվստահության բարձր մակարդակով:
Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրեց կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց 2011թ. ՀՀ Նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրեց նաև եվրագոտու ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:
ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրեց հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:
Կիպրոսի նախագահը խնդրեց իր ողջույնները, ինչպես նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին և ժողովրդին:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցեց ՀՀ անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Կիպրոսի Նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության և խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանի «զոհը» ցանկացել է ձգել ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Իսլամիստները պատրաստվում են Եգիպտոսից վռնդել ԱՄՆ դեսպանին’