‘Նինա Ռիչի նորաձևության տան ժառանգը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման’

1253

‘

Նինա Ռիչի նորաձևության և օծանելիքի տան 73-ամյա ժառանգորդուհի Առլեթ Ռիչին Փարիզի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարի ազատազրկման և մեկ միլիոն եվրո տուգանքի՝ HSBC բանկի օֆշորային հաշվեհամարների օգնությամբ հարկերից խուսափելու համար:

Հաշվեհամարների հետ կապված մեքենայությունների հետաքննությունը տարվում է 2010 թվականից՝ այն ժամանակվանից, երբ բանկի նախկին աշխատակիցը իշխանություններին էր հանձնել հազար հաճախորդի տվյալներ, ովքեր օֆշորային հաշվեհամարներ են օգտագործում՝ հարկերից խուսափելու նպատակով: Ռիչիի ազգականուհին դարձել է այդ հետաքննությունով անցնող առաջին անձը, ում գործը հասել է դատարան, հաղորդել է Financial Times-ը: Ընդհանուր առմամբ՝ քրեական հետապնդման են ենթարկվել Ֆրանսիայի 60-ից 70 քաղաքացիներ: Առլեթ Ռիչին մեղադրվել է հիմնականում Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների ու հաշվեհամարների օգտագործմամբ  ֆրանսիական հարկային մարմիններից 22 մլն դոլար թաքցնելու մեջ:

Հրապարակային հետաքննության տվյալներով, որին մասնակցել են ավելի քան 140 լրագրողներ՝ ավելի քան 40 պետություններից, 2006-2008 թթ. ընթացքում HSBC-ի շվեյցարական մասնաճյուղով «տարանցել» է մոտավորապես 180 մլրդ դոլար, որոնք փոխանցվել են նաև օֆշորային գոտիներ: Խոսքը վերաբերել է նաև հաճախորդների կողմից «կեղտոտ փողեր լվանալուն», հարկային մարմիններից եկամուտները թաքցնելուն և ահաբեկչությանը ֆինանսավորելուն: Հաճախորդների ցուցակում նշվում է առնվազն 106 հազար անուն՝ 203 երկրներից, որոնց ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 118 մլրդ ֆունտ սթեռլինգ:

Հետաքննող լրագրողները նշում են, որ օրենքը շրջանցողների թվում են միջազգային խոշորագույն ընկերություններ, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մարոկկոյի թագավոր Մոհամեդը, «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը և այլք: Ավանդատուների շարքում  կան նաև ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝ Գենադի Տիմչենկոն, որին ֆրանսիական մամուլն անվանում է «Ռուսաստանի նախագահի մերձավորը»: Փոխանցում է newsru.com-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Թուրքիան արտաքսել է Սիրիա ներթափանցելու փորձ կատարած բրիտանացիներին’
Հաջորդ հոդվածը‘Մարզիե Աֆհամը կդառնա Իրանի պատմության մեջ առաջին կին դեսպանը’